Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/235

Այս էջը սրբագրված է

անցորդներուն որոնք ա՛լ մտերիմները, պաշտողներն էին իրեն։

Սորված էինք անունը՝ գեղեցի՜կ, տարօրինա՜կ, իր դեմքին պես. կը հիշեմ որ մեր բանաստեղծական առջի փորձերուն մեջ ինքը եղած էր խռովիչ մտատիպարնիս։

Հայր Արսենի ազատ մեծաչափ տողերեն սկսած մինչև հինգ ոտքով անձուկ ոտանավորներու մեջ սիրեցինք ու երգեցինք զինքը, սիրահարական գրագիտություն մը որուն մեջ Թերզյանի դասերը իր անուշ նայվածքին կը խառնվեին ամեն ատեն։

Հիմա այդ պատուհանը փակ է, այդ տունը կիսակործան ու թափուր՝ մեր սրտերուն պես։

Միայն՝ եղրևանին կ՚աճի, կը ստվարանա միշտ, ծառ մըն է հիմա, ամուր ու հաստատ բունին կռթնած՝ մինչև տանիքը հասցուցած է տերևներուն կանանչ սաղարթները ու ծաղիկներու գլխահակ գանգուրները, իր ճյուղերն ու ընձյուղները անհուն տարփանքի մը, ջիղերու մշտնջենական երիտասարդության մը գալարումները, պրկումները ունին, և ծերությունը, այս ծառին մեջ, ամեն գարնան՝ մոլեգին, ախտավարակ ծլումներով, ծաղկումներով աչքի կը զարնե։

Բ.

Սերվինազ մեկոՒնը կամ մյուսինը չէր, հայտնի կ՚երևար որ կը սիրեր մեր Դ. կարգը իր հոգիին պես. հա՞րկ է ըսել որ ինքն ալ մեր Դ. կարգին պաշտեցյալ հոգին եղավ միշտ։

Իր ժպիտը՝ ամենուս վրա բաժնվելով չէր տկարանար, պզտիկնար, անբավական դառնալով առանձինն ամեն մեկերնուս. ո՛չ. այլ կերպով մը իր զավակներն էինք որոնց վրա հավասարապես կը տարածվեին իր գորովը ու խանդաղատանքը՝ վառ ամենուս համար ալ։

Թերևս մեր անձերը չէր սիրեր այլ մեր պատանությունը, մեր թիվը, մեր զարտուղությունը։

14 Գրիգոր Զոհրապ