Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/236

Այս էջը սրբագրված է

Երբեք իրարմե չնախանձեցանք զինքը. ոչ ալ իր ընտանիքը ընդմիջեց մեր անմեղուկ տարփանքին քաղցրությունը, տասերեք տասնըչորս տարու պատանիներ՝ լուրջ թեկնածուներ կամ վախնալու տարփավորներ չէին անշուշտ, բայց կրնամ վստահությամբ ըսել որ ամենքնիս ալ այդ պահուն հոժարափույթ պիտի ամուսնանայինք իրեն հետ, թեև ութը, տասը տարու մեծ եղած ըլլար մեղմե:

Այս սերը՝ Դ. կարգին ուսման ծրագրին մասը կը կազմեր, քաղցրացնելով անհատնում դասախոսություներով լեցուն օրերնիս. իր հրապուրիչ դեմքը՝ կառավարչին ժանտ ու թթված երեսին դառնությունը կը մոռցներ:

Այսպես հեշտիվ բոլորեցավ տարեշրջան մը որ չպիտի վերսկսեր, Թարգմանչաց վարժարանի խանգարմամբը։ Դ. կարգը՝ այնքան հոծ, այնքան սերտիվ կապված, մեկ սիրտ, մեկ հոգի չմնաց, ամենքը ցրվեցան հոս հոն, ամբողջացնելու համար կիսկատար ուսումնին, ապագա մը շինելու, ընկերական գոյություն մը պատրաստելու հետամուտ: Անհունական հաշիվներու ֆորմյուլներուն և Քեփլեռի օրենքներուն մեջ մոռցանք Սերվինազն ու իր եղրևանիով գոցված պատուհանը։

Գ.

Ինքը չմոռցավ մեզ. հինգ տարի վերջը, երկրաչափի վկայականս առնելե ետքը, տոնախմբության երեկույթի մը մեջ հանդիպեցա իրեն, նույնը մնացեր էր իր հրաշալի գեղեցկությունը, և բազմության մեջ իր գլխու շնորհալի շարժումեն անմիջապես ճանչցա Սերվինազը. պարողներու կրկին շղթա¬յով մը շրջապատված էր. ես՝ արդեն հեռու աշխարհիկ երիտասարդ մը ըլլալե, ավելի վայրենացած իմ չափի ու հաշվի մարդու վերացումիս մեջ, արհամարհանքով կը նայեի այդ փերևետիկ տղոց, հեռվեն կ՚ունկնդրեի այն փուճ ու սնոտի խոսակցությանը որոնցմով օրիորդին քով ամեն ոք իր նրբամտության չափը կու տար։