Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/237

Այս էջը սրբագրված է

Ակամա միտքս կը հաշվեր (հաշվի մարդու ունակություն մը) արժեքը այդ տղոց, այդ ծեքծեքումը, այդ սեթևեթ շարժումները, և գումարս՝ անհունապես փոքրի, զրոյի, ոչնչության կու գար կը հանգեր։

Սրահին լույսերուն մեջ Սերվինազ կը ճառագայթեր, մաքուր հագված, ձեռնոց դնող երիտասարդներու թևը մտած, որչա՜փ կը փափագեի խոսիլ հետը. ի՞նչ պիտի ըսեի եթե երբեք համարձակեի մոտենալ իրեն, հինգ տարի աջաջվան մեր պատուհանի մտերմությունը կը բավե՞ր հանկարծ քովը էրթալու, հոս այս մարդոց մեջ, իբրև թե ընդհատված խոսակցություն մը շարունակելու ձևով։

Սերվինազը դիտելով իր գեղեցկության հաղթանակին մեջ, կը հիշեի Թաշ Վերտիվենի պատուհանը, եղրևանիի կապույտ խոպոպները և մեր անմոռանալի Դ. կարգը, որուն մնացորդն ու ներկայացուցիչն էի այստեղ, և այս պահուս միտքս կու գային մեր քերթվածներեն տուներ, ամբողջ հավաքածո մը, որուն մեջ իր անունը կը կրկնվեր միշտ անուշ արձագանքի մը նման և զորս ներշնչող աստվածուհին ահա դեմս է, հո՛դ, այդ ապերախտը՝ որ զիս չի ճանչնար հիմա։

Սրահը կը թողում սենյակի մը անկյունը քաշվելու համար և ահա շրջազգեստի շրշյուն մը կը լսեմ ետիս. ինքն է. աճապարանքով կը մոտենա ինծի, կ՚երևա թե շատ ատեն չունի կենալու։

— Ի՞նչպես ես, աղե՞կ ես։

Կը սիրեմ այս պարզ ու եղակի ձևը որ պաշտոնականի չի վերածեր մեր տեսությունը. կը զգամ որ միշտ մեր Դ. կարգին Սերվինազն է։

Լրջաթույր ձեռնոցին թաթիկներովը կը շոյե երեսս:

— Մեծցեր ես։

Ինքը ապահովապես ավելի երիտասարդացած էր:

Հետո, մտերմաբար, տասը տարվան բարեկամի մը պես, շարժելով իր աղվորիկ գլուխը, ու վեր առնելով սաթի պես փայլուն մազերեն մաս մը որ ճակտին վրա կ՚իյնար, շուրջը կը գիտե անգամ մը, գողունի նայվածքով, կարծես նախան