Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/238

Այս էջը սրբագրված է

մը տուր։

Դ.

Այդ գիշերեն զատ մեյ մըն ալ չտեսա զինքը։

Այն միայն իմ դասընկերներես, որ միշտ հետևեցավ իրեն՝ ինձմե տարիքով ու սրտով մեծ երիտասարդ մըն է։

Երկուքն ալ ձախորդությանը զուգահեռական գիծով մը շարունակեցին ճամփանին. Զարեհ չմտավ երբեք այն ուղին ուրկե խղճահարություններն զուրկ ապիկարությունները կը հառաջդիմեն, գործի մարդ չեղավ բնավ, իր հոգին՝ մաքուր, միամիտ ու երիտասարդ մնաց։ Դպրոցեն ելլելուն՝ վաճառականի գրագիր եղավ և գրագիր մնաց մինչև վերջը. դպրոցին մեջ ամենես հառաջադեմն էր, բանաստեղծ մըն էր. հոս վաճառատան ահագին մաշտոցներուն դեմը ապշած, օրն ի բուն կրելով, խոնարհելով անբանի մը աշխատության տակ, դեռ ատեն կը գտներ իր գրական փորձերը, պատրանքները շարունակելու։

Չորպաճին Արևելքի մեջ կարդալով Զարեհի ստորագրությունը, կը զարմանար, կը նախանձեր իր յազըճիին գրական կարողության և համբավին վրա. գրպանը ստակ մը չունեցող մեկը զոր ամեն ոք կը ճանչնար, մինչդեռ ինքը՝ էֆենտին, հարուստ ըլլալով հանդերձ, անծանոթ կը մնար, և հաջորդ օրը Զարեհին դեմ կը դառնար իր զայրույթը, կը դիտեր սեղանին վրա ծռած գրագիրը, ջանալով աչքին պոչովը գուշակել անոր գրության նյութը, վախնալով որ իր վճարած աշխատության մեջեն մաս մը չգողնա. և այս հեռատեսությամբ առաջուց կը հանդիմաներ զայն.

Արևելքին զըր զըր հոդված գրեյուդ սա սոն պիլաչոն լմնցուր։

Այս հաշիվներուն մեջ Սերվինազի պատկերը, դպրոցական օրերուն սերը, անբաժան կը մնար իր սրտեն, որուն վրա կարծես հիմա պատատուկ տունկի մը պես երթալով կը փաթթվեր։