Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/239

Այս էջը սրբագրված է

Չէ՞ր վշտացեր Սերվինազի ամուսնության լուրը առնելուն, թերևս երջանիկ ըլլար այդ ամուսնությամբ. Զարեհի սերը անձնուրացության կը մոտենար հիմա, բայց այս ամուսնությունն ալ ահա աղետավոր ու դժբախտ միություն մը եղած էր. հիվանդության, չքավորության շրջան մը։

Հիմա երիտասարդը ալ ավելի կը համառեր, անդրդվելի կը մնար իր սիրույն մեջ: Տարօրինակ տեսարան մըն էր այս տղուն կյանքը, որ իր տոմարներուն մեջ թաղված, հավատարիմ իր առջի սիրույն, դեռ այս կինը կ՚երազեր ու անոր կը ցանկար ամեն վայրկյան, ոչ ամուսնությունը, ոչ չքավորությունը, ոչ գեղեցկության կորուստը մազի չափ չէին դղրդած և տկարացուցած իր սիրույն հաստատուն ու զորավոր շենքը։

Վեհանձնության, ասպետական հավատարմության պարտք մը կը համարեր ձախորդության, անկման ժամանակ չլքել իր սիրույն առարկան, ընդհակառակը՝ վաճառատան մեջ զինքը չորս կողմեն շրջապատող ապշեցուցիչ թվանշաններուն մեջ՝ իր բանաստեղծի երևակայությունը կը գրգռվեր։

Գրչին տակն էին այն մեծամեծ գումարները, որոնք վայելքներու աշխարհներ կը նշանակեին, հարյուր հազարավորներ իրարու վրա բարդելով կամ իրարմե զեղչելով ոսկիի դեզեր կը խառներ իր տոմարներուն մեջ, ինչպես միջին դարու ալշիմիսթ մը իր ատրաշեկ հալոցին մեջ։ Օրն ի բուն գրչի մեկ հարվածով կը հարստացներ կամ կը փճացներ այն հեք արարածները, զորս ինք ստեղծած ու կնքած էր Մայր-Հաշիվին ամեն մեկ էջին գլուխը, Ընդհ. Ապրանք, Սնտուկ, և որոնց, վրա, ամենահզոր նախախնամության մը նման, կը խրոխտար։

Ի՞նչ կ՚ըլլար եթե այս բոլոր հիացուցիչ գումարները, որոնք իր գրչին տակեն կ՚անցնեին շարունակ, մարմին առնեին հանկարծ, չքավորության մատնվող սիրուհիի մը ընծայելու արժանի կյանք մը շինելու համար։

Ե.

Թարլա-Պաշըի անձուկ ցեխոտ փողոցներեն մեկը, քարուկիր տուներու խիտ ու հոծ շարք մը, կարգով կեցող դպրոցականներու