Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/240

Այս էջը սրբագրված է

գիծի մը կամ քով քովի սեղմվող մսկոտ հավեր ու երամի մը նման, հազիվ հինգ կանգուն լայնքով տուն մը, որ իր երկու քովի պատերուն մեջ ճզմվելուն համար կարծես վե՛ր վե՛ր կ՚ելլե շարունակ, բաց դուռնեն՝ կերակուր ծփելու հոտ մը կը ծավալի դուրսը, ներսը, բակին մեջ, սանդուխին վրա, որ մութին մեջ կը կորսվի:

Դեմ դեմի երկու սենյակ առաջին հարկը կը կազմեն, այսպես ալ բոլոր մյուս հարկերը. իրական սեֆեր թասի մըն է այս տունը. ու կ՚ելլես վեր, հարկ մըն ալ վեր, և ուրիշ հարկ մըն ալ, առանց հաջողելու կատարը հասնիլ. Պ. Փափազյանի «Վերելքն հԱրարատ»ը։

Ամեն սանդուխին վերջանալուն՝ որ սահմանագլուխ մը կը նշանակե, լեզուները, դեմքերը կը փոխվին. հունարենով կը սկսիս՝ գերմաներենե, ֆրանսերենե, տաճկերենե անցնելե հետո հայերենին քով շունչ առնելու համար: Հոս՝ ծեր հելլենուհի մը, հոդ՝ մանկամարդ հայ հռոմեական կին մը, ամեն տարիքներ ու ամեն տարազներ, որոնցմե կ՚անցնիս անսայթաք, հոն, վերը, Սերվինազի սենյակը մտնելու շանքով:

Այդ սենյակը պետք է տանիքին անմիջապես տակը գտնվի. բայց որքան ալ բարձրանաս երբեք բացարձակ վստահություն չկա հոս, վրադ դեռ ուրիշ հարկ մը չունենալուդ:

Երկու պատուհաններեն կը տեսնվի Թաթավլան Փերայեն բաժնող ձորը, որուն զառիվայրի տուներուն երկարող կարգերը հետզհետե իջնող լայն սանդուխ մը կը ձևացնեն։

Սերվինազ՝ էրկնեն բաժնված՝ հոս կը բնակի իր ութ տարու տղուն, Լևոնին հետ. երեսունհինգի մոտ կին մըն է, անցյալ գեղեցկությանը գիտակցությունը, արժեքը զգալով հոս, այս պոռսային մեջ որ Փերա կը կոչվի, հիմա ալ, իր սև սաթի մազերը առատ ու գեղեցիկ են առաջվան պես. հասակը նուրբ, բարեձև մնացած է. երեսին մորթը կծկած քիչ մը. շրթունքը՝ հեգնության պրկում մը ունի, որ դեմքը կը տգեղցնե, բայց ակռաները մաքուր և ամբողջ են. վերջին հի¬վանդութենեն նիհարցած՝ ուսին տախտակները կը ցցվին դուրս: