Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/241

Այս էջը սրբագրված է

Զարեհին հետ խոսած ատեն կը բացատրե որ չէ կրցած աղեկ մը վրա գալ. պզտիկ օդափոխություն մը. քիչ մը աղեկ գինի, և առջինեն աղեկ միս պիտի կապե, մի՛ս, այո՛, վասն զի, տնանկ չէ՞, էրիկ մարդիկ միսե կ՚ախորժին։

Կը խոսի խնդալով, կը խոստովանի իր հրապույրներուն պակսիլը, ինչպես հանցանք մը պիտի խոստովաներ ակամա. և արդարացնել կ՚ուզե ինքզինքը, պատճառները թվելով, քաշած նեղությունը, գեշ էրիկ մը, հիվանդությունները։ Հետո երիտասարդը իսպառ չհուսահատեցնելու համար իր վայելչությանը վերադարձեն, կ՚ավելցնե որ ամեն բան կրնա դարմանվիլ քիչ մը հանգստության երես տեսնելով։ Անցյալը ապագային երաշխավորության կը կոչե, երաշխավորություններու ամենեն անհիմնը։

— Ատեն մը, գիտե՞ս, ինչպե՜ս պլըխ պլըխ էի. հիմա չորցա:

Եվ կը ժպտեր տխուր ժպիտով մը որ ալ ավելի կը տգեղցներ զինքը:

Շուրջը կը նայեր, սեղանին վրա, անկյունները փնտրտուքի կ՚ելլեր ու կը դառնար երիտասարդին.

Թյություն չունիմ որ հրամցնեմ։

Քիչ մը վերջը իր կյանքեն կը գանգատեր.

— Աղեկ օրի երես չտեսա, հազար հոգի փեշիս կը պտտեր, դուն աղեկ գիտես։

Կը շարունակեր, բաղդատություն մը ընելով մտքեն.

— Իմ կեսս չարժողները...

Եվ հավանական պատասխանի մը առաջքը առնելով.

— Չեմ ըսեր որ ես գեղեցիկ եմ. առա՛ջ՝ ուրիշ խոսք։

Ամեն ոտքի ելլելուն ակնարկ մը կը նետե դեմի հայելիին սև, հինցած շրջանակով հայելի մը որուն վրա ոսկի քանդակները կեցած են դեռ. մեկ նայվածքով իր մարմնին, կեցվածքին, հագուստին դիմացինին վրա ընելիք տպավորությունը կը հարցնե անոր և շրջագգեստին մեկ փոթը կամ մազին մեկ ոլորքը կը շտկե շուտով։

Փողոց ելած ատեն՝ ուշադիր, հետաքրքիր, կը դիտե կիները, որոնք կառքերով կ՚անցնին սրարշավ, ժամանակ չձգելով.