Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/242

Այս էջը սրբագրված է

Զ.

Uերվինազ կը գիրնար. միս կը կապեր վերջապես, տանտիկնության միսը, և երիտասարդը կը շարունակեր գալ, ամրացած իր տոմարակալության պաշտոնին և այս կնոջ համար ունեցած սիրույն մեջ. ամուրի մնացած էր հակառակ իր մորը ջանքերուն, երբեմն գեղեցկությանը, երբեմն տգեղությանը համար չկրնալով զատվիլ Սերվինազեն և անոր կյանքին մոտ մնալու սովորությունը չկրնալով մեկդի թողուլ, մեկդի թողուլ իր բոլոր հավատքը:

Այս տան մեջ, ուր բոլոր վարձակալները կը ճանչնային զինքը, կու գար ժամերով մնալ, երբեմն վերը կը սպասեր մինակ որպեսզի Սերվինազ վարը խոհանոցին մեջ իր կերակուրի պատրաստությունները ավարտե ու գա դեմը նստի, երբեք հետը դուրս չէր ելլեր, վախնալով, որ արատ չբերե անոր անունին:

Վերջերը ա՛լ տանեն էր գրեթե, ազգական մը Սերվինազին համար, որ անոր ներկայությանը իր սենյակը կը մաքրեր, անկողինը կը շտկեր, երբեմն դեմի սենյակեն դրացուհին կու գար, կաթոլիկ հայուհին, իրենց հետ խոսակցելու, ան ալ ամուսինեն բաժնված կին մը, ավելի մանկամարդ, պզտիկ քույր մը Սերվինազին, և բարեկամ մըն ալ կը բերեր մեկտեղ, ան ալ իր ազգականը անշուշտ։

Սերվինազ կը սկսեր ճանչցվիլ, հյուրեր կու գային, ինքը կը սորվեր Փերայի խոսելու հատուկ շեշտերը, վարվելու եղանակները։

Զարեհ կատակ կ՚ըներ այս հյուրերուն վրա. երբեմն կը հարցափորձեր.