Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/243

Այս էջը սրբագրված է

— Ո՞վ էր սա առջի օրվան մարդը:

— Ի՞նչ, ա՞տկե ալ կը նախանձիս, ես մնացի մնացի ատանկի՞ն մնացի։

Հետո՝

— Ես մարդու նայելու սի՞րտ ունիմ. ասկե՞ ետքը։

Օր մըն ալ ելավ խորհուրդ հարցնելու Զարեհին։

— Ի՞նչ կ՚ըսես, Պեքյար փողոցը աժան տուն մը կա, վարձու բռնե՞մ՝ փանսիռնեռ առնելու համար։

Երիտասարդը համակարծիք չէր. այս պզտիկ սենյակեն գոհ էր ինք, թեև ատեն ատեն արմուկովը՝ ներս մտնողի մը կամ դուրս ելլողի մը զարնվեր մութ սանդուխին վրա։

Վայրկյան մը չէր կասկածեր այն կեղակարծ պարկեշտության երևույթին վրա որ այս տան մեջ կը տիրեր, այս էրիկնեն զատվող կիներուն, այս երիտասարդ ազգականներուն ալեվլուկ բարքերուն վրա, որ կը լեցվեին հոն, իր սերեն դուրս հետաքրքիր ըլլալու պետքը չզգալով բնավ և հավերժացնելով մեր միամիտ Դ. կարգը։

Է.

Ամառվան իրիկուն մըն է. Մեծ Փողոցին մեջեն կը քալեր դիտելով վաճառատուններու ապակիներուն պարզած պերճությունները, հանդարտ ու ստոյիկ, երբոր Կալաթա Սարայի մոտ Լևոնը տեսավ, ձեռքը օղիի շիշ մը բռնած, թուղթի մը փաթթված աղանդերի տեսակներով։

Կեցավ. հարցուց որի՛ տանիլը այդ ամենը. հյուր կար տունը, հյո՞ւր. ի՞նչ հյուր, օղիի փոքրիկ շիշը կը պատասխաներ իրեն, այս գլուխ գլխի զվարճության պատրաստությունները փոքրիկ տղուն ձեռքին մեջ՝ պերճախոս ու ահռելի կը թվին հանկարծ. սթափում մը կ՚ունենա. փոքրիկ մանրամասնություններ որ իր աչքեն կը վրիպեին, հիմա կոպան հատիկ հատիկ ամբաստանության ահագին զանգված մը ձևացնելու, իրա՞վ է արդյոք. այո՛, առջի անուղղա աղջիկն է այս կինը, այն զոր Թաշ Վերտիվենի պատուհանեն