Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/246

Այս էջը սրբագրված է

զմայլելի ներդաշնակությանը մեջ միայն հայտնելով իրենց ուրույնությունը:

Էմմային դեմքը վերլուծող մը, այն հատուկ գիտության կանոններուն համեմատ որոնցմով կ՚ըսեն թե մարդկային հոգվույն մինչև խորը կը թափանցեն, վախեն պիտի կենար, այնքա՜ն պակուցիչ ու ահավոր բան մը պիտի գտներ այս անմեղ ու մանկունակ երեսին վրա։

Աղջիկ ատենը Օրթագյուղի մեջ շատ տեսած էի զինքը. հիմա, շատ մը տարիներ անցնելեն վերջը, երբեմն Փերայի Շիտակ ճամփուն վրա կը հանդիպեի իրեն, ամառները Թարապիա կամ Փրինքիփոյի մեջ ուր կու գար միշտ էրկանը հետ. կը տեսնվեր և աներևույթ կ՚ըլլար իսկույն։

Էմմա անոնցմե չէր որ ամիսներով տեղ մը կը կենան, այնպես որ զինքը տեսնելու ստուգությունը ունենաս։ Այլ այն վաղակորույս և ճիշտ ատոր համար փնտրված հետաքրքրող ու երբեք չգոհացնող կնոջական տեսիլքներեն մեկն էր որոնց էրիկ մարդիկ անձկաբեկ կը սպասեն։ Հորիզոնին վրա անակնկալ կերպով ծագող ու անհետացող լույսերեն մեկը՝ որոնց շավիղը էր Վեռիե մը, աշխարհիս բոլոր անհունական հաշիվները մեկտեղ բերելով, չէ կրցած դեռ ճշտել։

Ես որ դիմագուշակ հարցուկի հովեր կ՚առնեմ երբեմն, ամեն հեղ իրեն հանդիպելուս կը ջանայի, ինքնիրենս, իր գոյության առեղծվածը, իր աղիտաբեր արարածի կյանքին ալքերը պրպտել։ Տեղ մը իրեն հանդիպելու, հետը տեսնվելու համար հնարք մը չստեղծած դեռ, կը ձգեր կ՚երթար ան, կարծես շատ իսկ սեպելով, իր վրա հիացողներուն համար, իր տեսքին քանի մի ժամվան վայելքը:

Բ.

Էմման ամուսնացած էր, շատ երիտասարդ ամուսնացած, քանի որ իր զավկըներուն էն մեծը հազիվ տասերեք տարեկան կար հիմա, թխադեմ տղա մը, ճիշտ մորը աչքերով:

Իր ամուսնության պատմությունը հետաքրքրական ու