Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/247

Այս էջը սրբագրված է

մասնավոր բան մը չուներ: Աղվորությանը համար միայն առեր էր զինքը էրիկը, նիհար ու հիվանդկախ մարդ մը, ժանգոտած պղինձի դեմքով, որ չհափրացող ցանկության մը վայելքը փնտրած էր միայն այս ամուսնության մեջ: էմմա, իբր ճշմարիտ հայ հռոմեական աղջիկ մը, եվրոպացիի մը հետ ամուսնանալովը իր և իր ընտանիքին բաղձանքներուն կատարը հասած էր։

Ճշմարիտ սիրով մը կապված էր էրկանը հետ, տարիներով ու անձնվիրությամբ խնամելով զայն գթության քրոջ մը պես, առանց տրտնջալու և ուղիղ բանի քիչ մը անհամաձայն թվող այս հավատարմության հարուցած ընդհանուր զարմանքին վրա զվարճանալով։

Շատոնց ըսեր էին բժիշկները որ էրիկը երկար չապրիր, մինչդեռ մարդը հաճույք կը զգար ի դերև հանելով այս գուշակությունները ու իր հեք ոսկորներուն կմախաձև շենքը, իր կանչըցած երեսը պտտցնելով կնոջը պարարտ հրապույրներուն քովը։

Ո՛չ վեճ և ոչ կռիվ իրենց մեջը, ինչ որ քիչ զարմանք պատճառած չէր իրենց բարեկամներուն, որոնք, ամեն բարեկամներու պես, գայթակղություններու ակնկալությամբը կ՚ապրին։ Անակնկալ համերաշխությունը այս ամոլին՝ զրկանքի պես բան մը կ՚ըլլար անոնց որ ամուսնության հաջորդ օրվան համար գժտում, երկպառակություն նախատեսեր էին։

Եվ անոնք որ ջանացեր էին իր հոմանիները ըլլալ, հիմա մեկիկ մեկիկ քաշվեր էին, չծածկելով իրենց զայրույթը։

Մեկը միայն համառեր ու գամվեր էր անոր հրապույրներուն։

Օրթագյուղի իմ դպրոցական ընկերներես էր, ան ալ հեռվանց ծանոթ մը Էմմային, հիմա երեսունի մոտ, բայց դյուրահավատ ու միամիտ սրտով տղա մը, որուն հոգվույն ազնիվ մետաղը իր նոր թափծուի փայլին մեջն էր տակավին և զոր ձախորդությանը շունչը չէր եկած նսեմացնել։

Մաքուր հագված, առանց սեթևեթի սակայն, միշտ կարդալու գիրք մը բռնած ձեռքը, ընթերցումը ըլլալով իր մեծագույն