Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/248

Այս էջը սրբագրված է

զբաղմունքը, ճերմակ թաշկինակովը՝ իր կարճատեսի ակնոցը մաքրելու զբաղած շարունակ։

Ամեն աղմուկե, չափազանցութենե հեռացող իր կյանքը՝ իրավամբ մեզ ամենուս օրինակ ցուցուցած էին միշտ: Երկրաչափական ձևերու ճշտությամբը կազմված էր իր գոյությունը: Հորը մորը մեկ հատիկը, աչքերնուն լույսն ու պարծանքն էր. զինքը ամուսնացնելու կարոտեն զատ իր ծնողքը մտմտուք չունեին։ Նշանտվության պզտիկ խոսքեր զուրցվելու վրա էին իրենց դրացիներեն մեկուն աղջկան համար որուն տունը շատ կ՚երթար ինքը։

Պանքային մեջ, ուր լեցուն ամսականով պաշտոն մը ուներ, իր մեծերը կը սիրեին անոր հավատարիմ ու աշխատասեր բնավորությունը, մեծ ապագա մը վերապահված էր իրեն, գրեթե խոստացված։

Դպրոցեն դուրս՝ միշտ բարեկամ, մանավանդ թե մտերիմ մնացեր էինք, ինչ որ շատ չի պատահիր. կ՚ըլլար սակայն որ ամիսներով, երբեմն տարի մը իրար չտեսնեինք, բայց առջի հեղ իրար գտնելնուս, փոխադարձ քաղվածքը կ՚ընեինք իրարմե հեռու անցուցած օրերնուս, մեր ուրախություններուն և մանավանդ մեր հուսախաբություններով, առանց անտեղի հպարտությամբ մը իրարմե բան պահելու. և այս խոստովանություններով մեր ընդհատված մտերմությունը ա՛լ ավելի կ՚ամրանար։ Չէր հավներ ան իմ ապրելու եղանակիս ու խրատելու կ՚ելլեր զիս.

— Երջանկությունը՝ երջանկություն չփնտրելուն մեջն է, կ՚ըսեր ինծի, երբեմն։

Եվ իր անդորր կյանքը նետելով երեսիս, իր ըսածը կը հաստատեր։

Գ.

Ինծի համար, բոլոր զինքը ճանչցողներուն համար, ամենեն ապշեցուցիչ անակնկալը եղավ Էմմային համար ունեցած իր տարփանքին գայթակղությունը։ Գիտեի քիչ մը այս