Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/249

Այս էջը սրբագրված է

կնոջ համար ունեցած իր համակրաթյունը, բայց այս վերջավորությունը մտքես չէի անցըներ ընավ։

Ուսկի՜ց ուր այս անփորձ ու միամիտ երիտասարդը կրցեր էր Էմմային պես կնկան մը սիրտը գրավել. ի՞նչպես մանավանդ, ինքը՝ հանրային կարծիքին այնքան ուշադիր մը, պայմանագրական բարոյականեն մազի չափ չշեղող մը՝ ոտքի հարվածով մը մեկդի բրեր էր իր ծնած օրեն զինքը մեծցնող, չորս դիեն պաշարող կյանքի կարգն ու սարքը, ընտանեկան ավանդությունները, ատոնց բոլորին վրա ելեր նստեր էր, ամուսնացած ու զավկի տեր կին մը առևանգելու ու անոր հետ ապրելու չափ առաջ երթալու համար։

Երբոր այս լուրը առի, վեղարը ու սքեմը նետող վանականի մը նմանցուցի զինքը, այնքա՛ն ավելի հոխորտ իր ըմբոստությանը մեջ՝ որքան խստակրոն եղած էր իր հավատքի ժամերուն:

Բնություններ կան որոնք ջուրին թույլ ու մեղկ հնազանդության երևույթը կ՚ընծայեն. բայց ջուրին կաթիլներուն միօրինակ ու անփոփոխ աշխատությունը լռելյայն կը կատարեն անոնք, մեղմիվ, հեշտորեն մաշեցնելով զիրենք շրջապատող քարերը ու ժայռերը և ծակ մը, անցք մը բացվելուն հեղեղի մը պես դուրս կը թափին։

Այս երիտասարդինը այդ կարգեն էր ահա. ինքնիրենս այս խորհրդածությունները ըրի միայն։ Այս առևանգությունը սակայն ընդհանուր խոսակցության նյութը եղավ, կիները իրենց մաղձոտ չարախոսությունները դուրս թափեցին. այս կնոջ՝ էրկանը դեմ ցուցուցած անհավատարմությունը քարկոծեցին. զինքրը ձեռքե ձեռք հափշտակել ուզող էրիկ մարդոց ճաշակին վրա ալ շատ մը խնդացին. գոնե գեղեցիկ կի՞ն մը ըլլար անիկա, սև ու նվաղուն աչքեր ուներ ան. ո՞վ սև աչք չունի Պոլսո մեջ. իր միսի աղվորությունը, իր արդուզարդին շքեղությունը, ասոնք էին բոլոր հրապույրները, որոնց առջև ահա մարդիկ կանգ կ՚առնեին։

Երիտասարդին մասին էրիկ մարդոց դատավճիռը նվազ խիստ չէր: Հանրային կարծիքը այն ատեն մանավանդ կ՚որոտա ու շանթեր կը տեղա երբոր իր ամենեն խարխուլ ու