Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/250

Այս էջը սրբագրված է

կեղծիքով միայն ոտքի վրա կեցող սկզբունքներեն մեկուն դեմ է մեղանչումը։

Իմ բարեկամս, մեկ օրեն մյուսը, ամենեն անշնորհ ու անառակ երիտասարդի հռչակը ստացավ. իր անհատական կյանքը քրքրվեցավ ծայրե ծայր ու լեցուն գտնվեցավ արատներով։

Պանքային մեջ անգամ իր խղճամիտ պաշտոնյայի դիրքը կորսնցուց. հառաջդիմության հույսերը մարեցան և մտերմական բարևները գլխու հարևանցի շարժումներու փոխվեցան։

Ես առիթ չունեցա զինքը տեսնելու բոլոր այն ամառը, իմացա սակայն որ իր ծնողքեն զատվելեն վերջը Էմմայի հետ միջոց մը Յագաճըգի կողմերը գացեր էր. հետո, տեղի տալով իր սիրած կնոջ հարափոփոխ պահանջումներուն, վերսկսեր էր անոր հետ աստանդական կյանք մը գյուղագնացու-թյան, ուր օր հոս՝ հինգ օր հոն և այսպես մինչև աշունը պտտելե վերջ Փերա եկեր էին ձմեռը անցընելու:

Դ.

Օր մը, բնավ մտքես չանցած մեկ վայրկյանիս, գրասենյակես ներս մտավ ան. տիրաբար, չսպասելով գրագրիս հրամցնելուն, երկար ճամփու մը հոգնութենեն պարտասած մեկու մը պես աթոռի մը մեջ ինկավ. հետո՝ դեռ ինծի բան մը չըսած՝ խահվե մը ապսպրեց ինքզինքին և սիկառեթ մը վառեց։

— Քենե ուրիշ մեկը չունիմ իմ սիրտս բանալիք, ըսավ ինծի դողդոջուն ձայնով մը. այն վայրկյանին ուր ամեն ինչ կ՚երերա ու փլչելու մոտ կ՚երևա շուրջս, անխախտ՝ քու բարեկամությունդ միայն կը տեսնեմ ու քեզի կ՚ապավինիմ։

Այս ձայնը զարմացուց զիս՝ երեսը նայեցա աղեկ մը. որքա՜ն փոփոխություն, քանի մը ամսվան մեջ նիհարցեր ու վատեր էր. տենդի կարմրությունը իր այտերը կը շառագուներ։