Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/252

Այս էջը սրբագրված է

այդ մյուսը, մեջտեղ ելա՞ծ է արդեն, թե երևան պիտի ելլե. մութ հարցեր ինծի համար, բայց այդ մյուսը կա. կասկած չունիմ ատոր նկատմամբ։ Գիտե՞ս, երբեմն սենյակիդ մեջ գիրք մը կարդացած պահուդ, կամ պատուհանեն փողոցը դիտած մեկ վայրկյանիդ. առանց ոտնաձայն մը լսած ըլլալու կը զգաս իսկույն որ մեկը ներս մտած է. չես տեսած դեռ զինքը, բայց ապահով ես, ստուգությունը ունիս որ գլուխդ վեր առնելուդ դիրքիդ վրայեն, կամ ետիդ դարձնելուդ, մարդը պիտի տեսնես, և իրոք զայն կը տեսնես ալ: Ես ալ ատոր պես՝ իմ երջանկությանս մեջ ոտք կոխող ինե ուրիշի մը գոյության ահավոր ստուգությունը ունիմ։ Ի՞նչ կ՚ըսես դուն ասոր։

Այս հարցումին վրա նոր սիկառեթ մը վառեց անիկա։

Ե.

— Դուն նախ պատմե ինծի, ի՞նչպես ճանչցար, ի՞նչպես ձեռք ձգեցիր այս կինը, պատասխանեցի իրեն, միայն մտմտուքնե՞րդ ըսելու եկար հոս. ի՛նչպես և ինչո՛ւ կը սիրես զինքը. ես որ երբեք սիրած չեմ, հետաքրքիր եմ ատոր։

— Սիրեցի զինքը անոր համար գուցե որ հազարումեկ պատճառ ունեի չսիրելու համար. այո՛, հազարումեկ. իմ կյանքս, իմ սկզբունքներս, իմ ընտանեկան վիճակս, ասոնք բոլորը մեկ կողմեն, այս կնոջ բոլոր կյանքը մյուսեն, իրեն մոտենալն անգամ կ՚արգիլեին ինծի։

Փրինքիփոյի մեջ հանդիպեցա անոր, միևնույն պանդոկը գտնվեցանք դիպվածով, ու դրացի իրարու։ Պզտիկուց գիտեի Էմման, բայց բոլորովին մոռցեր էի զինքը. ո՜րչափ գեղեցկացեր էր մեծնալով։ Առջի տեսած վայրկյանես ամենեն բուռն տպավորությունը ըրավ վրաս։

Իրիկունը, ճաշեն ելլելնուս, անիկա էրկանը ու տղոցը հետ մասնավոր սեղանի մը վրա կ՚ըներ ճաշը, պարտեզին մեջ մինակը կը պտտեր, վարանոտ քալվածք մը ուներ, ու ձեռքի անգիտակից շարժումով, որ վարժություն եղած է ա՛լ