Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/253

Այս էջը սրբագրված է

իրեն համար, իր սանտրած մազերուն կարգեն կանոնեն փախչելով ճակտին վրա իյնող պզտիկ գանգուրները կը շտկեր:

Մինակը ծառերուն տակ շրջագայած ատեն անթափանցելի խորհուրդներու մեջ ընկղմած կը թվեր. տրտմության քողք մը, այն ամառ գիշերին ստվերներուն պես թափանցիկ, ոտքեն գլուխը կը պարուրեր այս աղվոր կինը, ինչո՞ւ համար տխուր էր արդյոք. ինքնիրենս ըրի այս հարցումը. քովես անցնելուն՝ մեր նայվածքները իրարու հանդիպեցան. կարծեմ թե բացահայտ զմայլանք մը կարդաց իմինիս մեջ, ոևէ զարմանք կամ ուրախություն չցուցուց ասոր փոխարեն, միայն հանդարտ ուշադրությամբ մը և առանց քաշվելու ինքն ալ զիս դիտեց, անկե վերջը՝ ամեն անգամ իրարու պատահելնուս՝ այս նայվածքը չպակսեցուց վրայես, անթարթ կերպով սևեռած ու տրտում նայվածք մը, մինչև սրտիս խորը իջնելու ակներև մտադրությամբ:

Ես՝ ներսես՝ այս անտեղի սիրույն հետևանքները կը հաշվեի ու իմ բոլոր արիությանս կոչում կ՚ընեի ազատելու համար անոր հմայքեն. անիկա, կարծես զգալով խուլ պայքարը որ կը մզվեր հոգվույս մեջ, ա՛լ ավելի լուռ պչրանքով կը սևեռեր իր նայվածքը վրաս, մարելու մոտ կանթեղի մը մեջ յուղ թափելու պես։

Այս եղավ մեր սիրույն սկիզբը։ Էրիկը սակայն հիվանդ էր միշտ, կանոնավոր կերպով շաբթվան մեջ օր մը կամ երկուք իր սենյակը մնալու ստիպված էր ցավին սաստկացած միջոցին և իր կինը քովը կը հսկեր, թողլով իր զավակները սպասավորի մը հսկողության։

Չէի սիրեր այդ մարդը։

Աննկարագիր, անպատկառ ու ամեն բան հեգնող մարդոցմե մեկն էր, որոնց առջև ամեն ընկալյալ կանոններ միամտություններ կը համարվին։

Լուսնի գիշեր մը որոշվեցավ որ պանդոկին բոլոր հյուրերս կղզիին շրջանը ընենք։ Ոմանք կառքով՝ ոմանք էշ հեծած ճամփա ելան։

Փրինքիփոն զինքը շրջապատող կապույտ ծովին վրա կը