Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/254

Այս էջը սրբագրված է

ցոլացներ իր սաղարթախիտ բլուրները, իր վիլլաներոլն գույնզգույն երեսները, իր պարտեզներուն երփնագեղ կանանչությունները։ Ու անհուն հայելիին մեջ որ այս աննման կապույտեն կը ձևանար, այս բոլորը կը դողար, կը սարսռեր ալյակի մը վեհերոտ տատանումին հետ։

Աջեն ու ձախեն բարձրացող երգերու ժխորովը Տիասքելո հասանք։ Հոս լուսինը իր բոլոր պայծառությամբը կ՚ողողեր պզտիկ սարահարթը. Փենտիքի եզերքեն՝ ուրկե կը բարձրանար, աննշմարելի վերելքով մը, ադամանդի կոտրտուքներով հարդարված լուսեղեն պողոտա մը ծովուն վրա կ՚երկննար, կը փալփլեր, կը լայննար, կը նեղնար շարունակ։

Բազմության մեջ տեսա Էմման որ վար իջած կառքեն, Խրիսթոս տանող մեծ ճամփուն կողմը կ՚երթար մինակը. այս ժամուն բոլորովին ամայի էր այդ տեղը, նոճիներուն շուքովը պատսպարված։

Գիտես որ ձեռներեց մեկը չեմ ես, բայց ութ օրե ի վեր այս կինը այնքա՜ն լուռ պչրանքով պաշարեր էր հոգիս, որ իրեն հետ խոսելու փափագին դիմադրելու անկարող էի ա՛լ:

Հոդ, այդ ճամփուն վրա, զոր կարծես ինքն ալ հարմարագույն վայրը դատեր էր, խոսեցա հետը առջի անգամ:

Սև մետաքսե քոռսաժ մը ուներ, այս օրվան պես միտքս է, և վեր ժողված ճերմակ պատմուճանին ժյուբեն տանթելներու եռևեփը ու փրփուրը դուրս կը ժայթքեր։ Ինքը կ՚ունկնդրեր ինծի՝ շարունակելով ժողվըտուքը իր ճակտին անհնազանդ մազերուն, մատը բերնին դնելով երբեմն, խոհեմություն պատվիրելու դիրքով, բայց որոշ ու մեկին պատասխան մր չտալով երբեք։

Այսպես իր վրդովիչ կնկան դերին մեջ էր զոր Սենքիևիչ իրավամբ, Բիզայի աշտարակին կը նմանցնե, ծռելով միշտ՝ բայց չիյնալով բնավ։

Իր ձեռքը զոր համբույրներով ծածկեր էի, քաշեց հանկարծ ուժով, մեր կողմը եկող ոտնաձայն մը լսեր էր. վայրկյան մը սպասելե ետքը մեր վախը ի դերև ելավ. վարեն՝ միայն երգի եղանակներ կը հասնեին մեզի։

Հոս, անտառին խորը, գիշերը իր վճիտ անդորրությանը