Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/256

Այս էջը սրբագրված է

է, կանանց արդուզարդի սպասին մասը կազմող։ Շատ վերջը միայն, կարծեմ, ինք ալ փոխադարձ համակրություն մը զգաց ինծի համար: Այդ միջոցին էր որ հանկարծ, ինքնաբերաբար, շատոնց որոշված վճռված բանի մը պես, հայտնեց ինծի թե պատրաստ է զատվելու իր էրկընեն՝ ինծի հետ ապրելու համար։ Էմմային այս արիությունը բոլորովին զիս կապեց իրեն, ահա թե ինչո՛ւ ես ալ իմ ծեր հայրս ու մայրս թողացի։

Անկեղծությունը կը մեծարեմ նույնիսկ եթե հանցանքի մը մեջ ի հանդես կուգա։ Չեմ սիրեր մանվածապատ ձևերը որոնց տակ Մեղքը կը պահվըտի ու կը շարունակե Առաքինության հատուկ մրցանակները քաղել։ Ըսողներ կան որ բարոյականի կեղծիքն ալ բարոյական մըն է. ես այս բանաձևը գարշելի կը համարեմ։ Բոլոր խնդիրը իր ըրածին պատասխանատվությունը ընդունելու և չընդունելու վրան է։ Մեկը՝ թողլով ամուսնական հարկը, ինքզինքը չի պաշտպաներ այն հարվածներեն որոնց արժանի՞ է թե ոչ, չեմ գիտեր, բայց որոնց ապահովապես կ՚ենթարկվի։ Մյուսը՝ դիմածածուկ կինը՝ պարկեշտ ամուսնի պատրվակը երեսին վրա, բարևներու ու մեծարանքներու և մաքուր կնոջ տիտղոսի կողոպտումին մեջ կը զայրացանե զիս։

Ու դառնալով իր մտատանջությանը, բարեկամս ավելցուց.

— Ըսի որ հիմա Էմմային սիրտը կորսնցնելե զատ ոևէ վախ չսպառնար ինծի, մտացածին սարսափ որ հիվանդ երևակայությանս ծնո՞ւնդն է. այսպես չէ սակայն, ես այն հազարումեկ չնչին նշաններուն անձկությամբ կը հետևիմ, որոնք մոտալուտ կը ցուցնեն ասիկա։ Նախ Էմման մտամոլոր ու շվարած բան մը ունի, շատ հեղ խոսակցության մեջ մտքով բացակա է ու հազիվ հազ մեկ խոսքը կրկնելուս կ՚ուշաբերի. գեշ նշան, հետո իր արդուզարդին միշտ խնամոտ, հիմա մանավանդ ծայրահեղ մարմնապաշտությամբ մը իր բնական շնորհներուն ուշադրություն կ՚ընե. ավելի գեշ նշան, ինծի հետ՝ իր սովորության հակառակ՝ քծնող ու ներողություն խնդրելու պես ձևեր մը ունի միշտ, ասոնք լիովին կ՚ապացուցանեն ինծի