Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/257

Այս էջը սրբագրված է

ներկայությունը այն մյուսին որ ինե երջանկությունս կը հափշտակե։

Կը խորհիմ մանավանդ որ Էմման՝ ինծի համար իր էրիկը ձգելեն վերջը՝ կարող է զիս ալ, ուրիշի մը սիրույն, ձգել: Թող ձգե զիս. բայց պիտի գտնվի՞ մեկը որ ինծի պես ու ինծի չափ գիտնա սիրել զինքը. դյուրին ու դժվարին բան միանգամայն, անիկա ինծի համար միայն գեղեցիկ կինը չէր որուն կը տենչան, այլ մարմնացումը ամեն մարդկային երազներու, կը հասկնա՞ս։ Ո՞վ ինե զատ այս ըմբռնումով պիտի ծնրադրե իր առջև, ռամիկ հեթանոսներն էին միայն որ ատենով կուռքերը կը պաշտեին իբրև նյութ. մյուսները երկրպագած են անոր միայն՝ իբրև խորհրդանշանը գերագույն զորության մը։ Այսպես ալ ես Էմմային դեմը:

Է.

Ես սրտապնդեցի հեք տղան. իր խանգարած երևակայությունը հանդարտեցուցի։

— Որովհետև Էմման ատեն ատեն մտմտուքներ ունի եղեր՝ չի հետևիր ատկե որ անպատճառ նոր հոմանի մը ունեցած ըլլա. քեզի համար իր ըրած զոհողությունները ամեն տարակույս վանելու չափ մեծ բաներ են. անխելքություն է ուրեմն միտքդ չարչարել անգո ոսոխի մը կսկիծովը. բայց այդ վիճակդ էապես երջանկության հատուկ վիճակն է, այն է՝ չկարենալ անխառն վայելել զայն։ Սիրե՛ Էմմադ և ուրիշին վրա մի՛ խորհիր: Մի՛ խորհիր մյուսին վրա։

Համոզվեցավ քիչ մը. հետո,

— Խրատ մը կ՚ուզեմ քենե, քանի որ հատկապես ատոր համար եկա գործի օր մը այսպես ժամերդ գրավել, կ՚ուզեմ, այս կասկածի մթնոլորտեն դուրս ելլեք, և եթե կարելի է հասկնալ իմ ենթադրություններուս անճիշտ ըլլալը։

— Խրատը, պատասխանեցի իրեն, հարցումիդ մեջն է. դժվար բան մը չէ Էմմային պես կնոջ մը ուր երթալ գալը հասկնալ:

Չկեցավ ալ քովս, ձեռքս թոթվեց ու գնաց: Տասնըհինգ օր