Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/258

Այս էջը սրբագրված է

հազիվ անցեր էր, իրիկվան մը դեմ եկավ նորեն. բերանը կզպված էր։

— Ի՞նչ կա, ի՞նչ ունիս նորեն։

Ան ատեն խորունկ ու ցած ձայնով կամաց կամաց սկսավ պատմել.

— Քանի մը օր շարունակ լրտեսեցի զինքը. Էմման շաբաթը երկու անգամ առնվազն զավակները տեսնելու կ՚երթար էրկանը տունը ու ժամերով կը մնար հոն. բան մը չկար ստգտանելի այս վարմունքին մեջ։ Ատկե դուրս՝ պզտիկ գնումներուն համար՝ Փերայի վաճառատունները կը մտներ, ու ոչինչ ատոնցմե զատ. իր կյանքը հստակ կանոնավորությամբ կը հշտվեր և խիստ մոտ էի հիվանդոտ երևակայությանս վրա ծիծաղելու, երբոր շաբաթ մը առաջ տեսա Էմման իր տղոցը տունեն դուրս ելլելուն, տժգույն այտերը կարմրած ու երեսին վրա այն չեմ գիտեր ինչ արտահայտությունը կար որ հանցավոր կինը կը մատնե։

Կասկած մը, փայլակի մը արագությամբ, անցավ մտքիս մեջեն. թերևս հոս, այս տանը մեջ, ուր էրիկը բացակա էր ցերեկ ատեն, կը տեսակցեր իր սիրած մարդուն հետ. սպասավորները որ վերջապես իր առջի ծառաներն էին, կրնային դրամի համար աչք գոցել եղածին։

Այսօր, երկու ժամ կա, Էմման նորեն գնաց հոն. ես որոշումս տվեր էի արդեն։ Քիչ մը ատեն անցնելե վերջը դուռը զարկի, սպասավոր մը դիմավորեց զիս. պատրվակ մը պետք էր այս տան մեջ մուտքս արդարացնելու համար, տանտիրոջ անունը տվի։

— Վերն է, պատասխանեց սպասավորը. իմաց տամ։

Ապշեցա. էրիկը տո՞ւնն էր այս ժամուն, հետո սանդուխներեն վեր նետվեցա. սպասավորը հազիվ ետևես կրնար հասնիլ, իզուր ջանալով խոսք հասկցնել ինծի, կեցնել զիս։ Ոչ ոք կար տան մեջ. միայն, էն վերի հարկը ուր հասեր էի ահա, ննջասենյակի մը կիսաբաց դուռնեն անույշ ձայն մը, Էմմային ձայնը, ականջիս դպավ, ու զգուշությամբ մոտենալով կրցա որոշ կերպով տեսնել զինքը իր ամուսնին թևերուն մեջ մարմնակործան:

‹1901›