Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/259

Այս էջը սրբագրված է
ԶԱԲՈՒՂՈՆ

Ա.

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։

Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա, ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։

Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամ այն։

Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։

Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ելլե միշտ, վարպետ ձեռնածուի