Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/260

Այս էջը սրբագրված է

մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:

Երեսը շիտակ տեսնող չկար, բայց կը պատմվեր — ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր — թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։

Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։

Կամաց կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության, այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։

Բ.

Զաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։

Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։

Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։

Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։