Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/261

Այս էջը սրբագրված է

Ոչ ոք կը համարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա, իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախր կը վայլեր իրեն, անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադառնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։

Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըրածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։

Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար, վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։

Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։

Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր, էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը:

Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։

Գ.

Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես։ Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով։