Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/262

Այս էջը սրբագրված է

Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկությանը բան մը կը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երևակայեցեք մեծագին ադամանդ մը որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել:

Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր, մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն, հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու։

Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակեր. ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն, գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային։ Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր որ նուրբ մարմինին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը՝ որուն հանդիպողը կը կախարդվեր։

Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ. մյուսը կը զարմանար, ինչո՞ւ այս արցունքը, չէ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։

— Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը: