Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/263

Այս էջը սրբագրված է

Դ.

Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելն վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։

Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։

Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կը կոչվի և որ այս մարզիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։

Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա:

Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ:

Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կը հավատա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ընե արդյոք. ու