Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/264

Այս էջը սրբագրված է

հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ընե. անգամ մը երելուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի, ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի, երկու գիշեր կ՚անցընե հոն. կը տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։

Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար, իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։

Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես, խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կ՚ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։

Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն, կասկած մը չանցնիր այլ հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալոլթյո՞ւնը. ձախող դիպված մը միայն, առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն, ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։

Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն, անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։

Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսակցության ձայն մը կը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին, ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին, ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն