Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/267

Այս էջը սրբագրված է

նայվածքով որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:

Անո՞ր համար երկար ատեն սևեռած մնար վրաս, չեմ գիտեր. բայց ինծի այնպես թվեցավ որ այդ նայվածքը մանրամասն հետախուզեց զիս. չափեց, ձևեց, տեսավ մանավանդ զմայլած ու քիչ մը ապշած արտահայտությունը աչքերուս: Գոհ երևցավ անշուշտ այս քննութենեն, վասն զի ժպիտ մը գծագրվիլը ու աներևութանալը մեկ եղավ երեսին սաստիկ կարմրությանը մեջ, այն վերջալույսի տարտամ շառավիղներուն նման որոնք արևմուտքին մեջ կը հալին՝ համասփյուռ շեկություն մը ձգելով հորիզոնին վրաւ

Բ.

Որչափ որ կեցանք այնտեղ՝ անխոս մտերմության մը կապերով միացած զգացինք սրտերնիս։ Տարեց մարդիկ կային իր շուրջը, հայրը, հորեղբայրները թերևս, ու անոնց առջև, մանավանդ այն չարահայաց բազմության մեջ որ այս Մյոհրուրտարի պարտեզը կը լեցներ հիմա, զգուշավոր դիրքը պահելու ստիպված՝ չէր կրնար ուզածին չափ ստեպ ինծի դառնալ. բայց զինքը տոչորող հայտնի անհամբերությունը կը կարդայի երեսին վրա, ամեն անգամ որ առիթը գտներ իմ կողմս նայելու:

Պատանության անուրջներուն մեջ երազված, ըղձացված էակն էր դեմս, խորհրդանշանը իմ բոլոր փափագներուս, որ հոդ նստած էր, իր անվերլուծելի ձգողությանը մեջ։

Ազատ էր ան երեսս չնայելու ու չխնդալու ինձի. ի՜նչ փույթ, նորեն պիտի սիրեի զինքը, պիտի հետևեի իրեն ու կապվեի իր հիշատակին. իր Կուռքի անտարբերությունը՝ մազի չափ չպիտի խախտեր իմ հավատքս:

Իսկ հիմա ավելի բախտավոր էի. կը զգայի ստույգ կերպով որ անուշադիր չէր ինծի, ու զիս վրդովող խորհրդածությունները՝ իր մտքեն ալ կ՚անցնեին:

Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա և

16 Գրիգոր Զոհրապ