Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/268

Այս էջը սրբագրված է

անդադար կը դիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կը թափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կը կենային մեր շուրջը անշարժ՝ մինչև իրենց գողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես որուն երկուքս ալ անձնատուր կ՚ըլլայինք ժամերով:

Գ.

Կես գիշերին մոտ էր երբոր բազմությունը ցրվիլ սկսավ. լուսինը անհետացեր էր. անոնք ալ ոտքի ելան, գլխու աննշմարելի շարժում մը՝ որ երկուքիս միայն հասկնալի ըլլալուն համար այնքան ավելի քաղցր բարև մը ձևացուց։

Հեռվեն ուղեկից եղա իրենց, ու ճամփան վրա, մութին մեջ տեսա իր նազելի գլուխը՝ որ ետին կը դառնար մեկը փնտրելու համար կարծես։

Համր ու դանդաղ քալվածքով մը կ՚երթային ու հորը ձայնը կ՚իմանայի մեզ շրջապատող անդորր լռության մեջ, խիստ ու հրամայող ձայն մը որ հնազանդություն կը պատվիրեր։

Արդեն կը մեղքնայի զինքը. ի՛նչ կը քաշեր արդյոք խստասիրտ հոր մը ճնշումին տակ. մեծ ծառի մը անքույթ հովանիին ներքև փթթած ծաղիկ՝ որ քամիի հարվածներուն դեմ պաշտպանված է անշուշտ, բայց ուզածին չափ արևին երեսը չի տեսներ. անդին, ուրիշներ կան, բաց օդին, ձյունին ու բուքին ձգվածներ, որոնց՝ վտանգները ու վայելքները հավասարապես շռայլված են. ո՞րն է բախտավորը ասոնցմե։

Կը զգամ որ իմս վանդակներու ետին պահվըտող աղջիկ մըն է. իր վեհերոտ ձևը այս համոզումը կուտա ինծի։ Ո՞վ է ինքը, ո՞ւր կը բնակի, այս հարցումները այնքան ավելի կը հուզեն միտքս որքան ահա քիչ քիչ կը մոտենան հարկավ իրենց տունին։

Կանգ առին վերջապես ֆրերներու դպրոցին կողմը, նոր շինված տան մը առջև. պզտիկ սպասուհի մը՝ կանթեղ մը