Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/269

Այս էջը սրբագրված է

բռնած ձեռքը, դուռը բացավ. ես քայլ մըն ալ առի մոտենալու ու վերջին անգամ մը տեսնելու համար զինքը. հայրը մտավ նախ, վերքը մյուսները, տարիքի կարգով. էն վերքը մտավ անիկա ու ես մինակ մնացի տասը քայլ հեռուն, փողոցին մթությանը մեջ:

Ան ատեն ուզածիս պես դիտեցի տունը, դեպի Քուշ-Տիլի իջնող զառիվայրին ու հոն վազող վտակին կը նայեր երեսը, գեղջուկ ու սիրուն բան մը ուներ, աջ կողմը՝ անկյունի սենյակը, էն աղվորը դիրքով, լույս մը երևցավ հանկարծ ու փողոցեն կրցա տեսնել զայն, մազերը թափած հիմա, որ բաց պատուհանին առջև եկավ կանգ առնելու վայրկյան մը ու դիտելու Մոտայի ծոցը՝ իր սեղմված հողե լանջքերուն մեջ:

Հետո լույսը մարեցավ ու ամեն բան խավարի մեջ ինկավ հանկարծ:

Դ.

Ի՞նչ կը խորհիս դուն, ձեռքդ գլխուդ այդպես, պատուհանիդ առջև նստած, թեթև քամին մեղմիվ կը շոյե մազերդ ու ես կը նշմարեմ հոսկե անոնց վրա վազող սարսուռը:

Այս իրիկվան դեմդ ելլող տղո՞ւն կը մտածես դուն ալ. սպասված, օր մը չէ նե օր մը գտնված անծանոթին՝ որ հին բարեկամի մը պես առջի ժամեն մտերիմ կ՚երևա քեզի, ինչպես որ ես ահա, փողոցին մեջ պատի մը տակ կեցած, քեզի կը մտածեմ։

Հետո, ձանձրացած այս միակերպ անշարժութենեն, փողոցին մեջ կը քալեմ, աչքս վեր այդ պատուհանին սևեռած. ի՞նչ կ՚ակնկալեմ քեզմե, բառ մը, անուշ խոսք մը որ շոշափելի ապացույցը ըլլա մեզ միացնող համակրության։

Մութին մեջ՝ չեմ կրնար որոշել դեմքը, զոր ծնոտին դրված ձեռքը կը գոցե, բայց սև մազերուն ժողվվածքր կը տեսնեմ հստակ, մունջ կեցած է հոն, չհամարձակելով առջի բառը ինքը արտասանել։

Եվ ես, իրմե ոչ նվազ վեհերոտ, չեմ խոսիր, վախնալով որ չխռովեմ այս գեղեցիկ երազը ու ձեռքե չհանեմ զայն։