Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/270

Այս էջը սրբագրված է

Հիմա, զովությանը կ՚ավելնա, աջ ու ձախ երկարող փողոցներուն մեջ կը լսեմ գիշերապահին ճոկանը որ կը հնչե ու կ՚իմացնե թե ժամը յոթն է:

Վերը անշարժ կը սպասե ան իր արձանի դիրքին մեջ, ու ես վարեն, զինքը դիտելով միայն երջանիկ եմ ահա: Հորիզոնին վրա պլպլացող լույսերը կը տժգունին քիչ քիչ. գիշերը ավելի հստակ, վճիտ ու թափանցիկ կ՚ըլլա, ու հեռուն՝ ծովին մութ կապույտը, իր առջի փայլը կորսնցուցած՝ սև ծածկոցի մը պես կը տարածվի իբրև թե անհուն դագաղի մը վրա։

Շուրջս տիրող վեհության ու խաղաղության մեջ ինքզինքս ուրիշ աշխարհ մը փոխադրված կը զգամ. մաքուր ու խաղաղ երկիր մը որ իզմե և իրմե զատ բնակիչ չունի, ամբողջ տիեզերքը մեր երկուքիս ձգված։

Աքաղաղները կը խոսին. արևելքեն լույսի հոսում մը կը սկսի, գեղեցիկ մազերը վերն են միշտ, պատուհանին առջև, իրենց առջի դիրքին մեջ. հովը կը գգվե զանոնք, անոնց պզտիկ թելերը կը դողացնե. դեմեն՝ լույսը կ՚ավելնա, կը զեղու, կը շռայլվի. արշալույսն է։

Վաստակաբեկ, ժամերով հոս անքուն անցընելուս համար չեմ գանգատիր, դեմս է անիկա, իր պատուհանին առջև ինծի պես անքուն, ինծի պես երազող։

Քիչ մըն ալ կը կենամ այսպես. հանկարծ սև մազերու կոհակը կը ճշտվի աչքիս առջև, ռեհանի պզտիկ թումբ մը, իր մութ կարմիր թաղարին վրա կեցած, առտվան զեփյուռեն կը սարսռա։

Ա՞ն էր բաց պատուհանին առջև ինծի սպասողը մինչև լույս, կը զարմանամ. ի՞նչպես չտեսա. ծաղրելի կը գտնեմ ինքզինքս. կը բարկանամ պզտիկ իյնալուս համար։

Ե.

Հիմա, որ տարիներ անցան անկե ի վեր, հիմա կ՚օրհնեմ քեզի, ով ռեհանի պզտիկ փունջ, որ ամեն սրտի մոտ բաբեկամե ավելի երջանիկ ըրիր զիս գիշեր մը ողջույն։