Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/272

Այս էջը սրբագրված է

ԱՌՋԻ ՍԵՐ ԱՌՋԻ ԲԱՐԻ

Ա.

Թագուկ տուտուն իմ դրացիս է. չամուսնացած բարի պառավ մը որ տունը մնացած աղջիկներու անհամբույր ու դառնացյալ սիրտը չունի: Իր անուշ լեզուն, զվարթ խոսակցությունր կը հիշեցնեն ինծի այն չքաղված խաղողի հատիկը որ կեցած տեղը, բիրտ հպումներն հեռու, թոռմելով ավելի ևս կը քաղցրանա, չամիչի կը վերածվի։

Թագուկ տուտուն անբասիր անցյալի մը համբավը ունենալով հանդերձ, ներողամիտ է երիտասարդներով, ու հոժարակամ ամեն ոք իր ցավը կը խոստովանի անոր ու խորհուրդ կը խնդրե իրմե։

Ամեն իրիկուն, կանոնավոր կերպով, պատուհանը նստած կը տեսնեմ զինքը՝ մաքուր հագվելու վարժված կնկան մը անսեթևեթ պաճուճանքին մեջ. այս արդուզարդը հին օրերու տարազը անփոփոխ ու անայլայլ կը պահե. նրբագեղ ասեղնագործություններով զարդարված սև յազմաին տակ՝ ալևոր մազերուն ցոլացումը կը փոխանցվի դուրս, մութ գիշերվան մեջ՝ ձյունապատ դաշտի մը փողփողումին պես։ Դեմքը՝ ճերմակ, անարյուն, խորշոմներով լեցուն հիմակ, կաթնապուրին երեսը ծածկող պարուտակին կը նմանի, մաքուր ու փոթ փոթ: