Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/274

Այս էջը սրբագրված է

Թագուկ տուտուն բողոքեց. պոռաց, չէ՜ մի որ մահվընեն ետքը մերն էր այդ սնտուկը, ի՞նչ հարկ հիմակուց խառնշտկել իր բոլոր գույքը, իր իրավացի բողոքը խեղդվեցավ մեր հարուցած ժխորին մեջ:

— Սնտո՜ւկը, պոռացին ամեն կողմե:

Բռնի առինք բանալին ձեռքեն ու ներս բերելով սնտուկը, ծանրացած դագաղի մը պես, վրան վազեցինք դիակեր ագռավներու երամի մը նման։

Հիմա Թագուկ տուտուն իր նստած անկյունեն կը դիտեր մեզ առանց նեղանալու, ակնոցը հաներ աչքեն ու բարձին վրա դրեր էր ձեռքի ասեղնագործությունը, ինչ որ շատ կարևոր պարագաներու մեջ միայն կը պատահեր։

Իր բոլոր կյանքը, կարգով կանոնով այդ սնտուկին խորը խնամով զետեղված, շարված, դուրս կ՚ելլեր հետզհետե, երկար շղթայի մը օղակներուն նման որուն ծայրը՝ ծովին հատակը նետված երկաթին պես, մինչև իր երիտասարդության կ՚երթար կը հանգեր։ Եվ որքան կ՚իջնեինք խորը, կը մոտենայինք հատակին, օդե ու լույսե զուրկ մնացող այդ բոլոր նյութերուն հոտը սաստիկ ու կծու կուգար մեզի, քառասուն տարի առաջվընե պահված հոտ մը։

Հարության և վերակենդանության կոչված այս ամեն առարկաները սեղմված թանգարանի տպավորությունը կը ձգեին վրանիս, ու գովեստները չէինք զլանար տնօրենին, իր ճաշակին նրբության ապացույցը հոս ալ տեսնելով։

Ամբողջ շարք մը կը սկսեր, ցուցահանդես մը հին ատեններու պերճանքին, մեծարժեք կերպասներու, վառ ու պոռոտ գույներով, որոնք հիմա գործածական չեն, էնթարի շալվալներ Պրուսայի կազե շինված, գույնզգույն տիատեմներ, հաքիք մատնիներ, սանտրեր, գլխու ասեղներ, բաղնիքի թաս մը. ու հետո, չգիտցողին հասկցնելու համար Թագուկ տուտուին ջերմեռանդ հռոմեական մը ըլլալը,— ինչ որ մենք գիտեինք արդեն,— ամբողջ ու կատարյալ հավաքածո մը հոն Հիսուսի, աստվածածնի փոքրիկ գունավոր պատկերներու, համրիչներու ու Վենետիկ տպված փոքրակազմ աղոթագիրքերու:

Մեզի պես ինք ալ հետաքրքիր աչքով կը հետևեր այս ի