Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/276

Այս էջը սրբագրված է

— Թագոլկ տուտո՛ւ, բռնեցինք քեզի։

— Խարտյաշներեն կ՚ախորժի եղեր, չըսեի՞ր մինչև հիմա։

— Ո՞վ է խարտյաշը մեջերնիս, թող առաջ անցնի։

Պառավը պատասխանելու ատեն չուներ, բայց իր սովորական անարյուն երեսը կը գունավորվեր ահա, փոքրիկ խաժուկ աչքերը արտասովոր փայլով կը ճառագայթեին՝ սևեռած այդ մազի փունջին վրա, չկրնալով զատվիլ այդ անխոսուկ հիշատակեն. ու տակավ առ տակավ կը թրջեին, ծիրանի գոտիի մը տակ տեղացող անձրևի մը նմանությունը բերելով։

— Ատիկա մարդու չեմ տար. ինծի հետ գերեզման պիտի դրվի:

Ինչո՞ւ համար, բացատրություն կ՚ուզենք, աղվոր սրտաշարժ պատմություն մը, անոնցմե՝ զորս Թագուկ տուտուն համով հոտով ըսելու արվեստին մեջ նմանը չունի։

Եվ տեսնելով որ ծաղրածությունները կը վիրավորեն զինքը, լուրջ կերպարանք մը կ՚առնենք, կ՚աղաչենք.

Քուզում Թագուկ տուտու։

Եվ սնտուկը պարպված կը թողունք սենյակին մեջտեղը, բազմոցին ու աթոռին վրա ալ անոր պարունակած այլազան առարկաները, անցյալ կյանքի մը բեկորները, պառավին բոլորը կը հավաքվինք, ուշադիր, խելոք կեցած տղոց նման որոնց մասալ մը խոստացված է։

Դ.

Մանկութենեն հորմե ու մորմե որբ, Թագուհին հոգեզավակ էր Փերա ընտանիքի մը մեջ, որ մանչ զավակ մը ուներ միայն և աղջիկ զավկի կարոտ կը քաշեր։

Այս տղաքը քույր ու եղբոր պես մեծցան, քով քովի, երկուստեք մոռնալով այն տարբերությունը որ ճակատագիրը դրած էր իրենց մեջ. մանկական խաղերեն, կռիվներեն, ծեծկվուքներեն ու համբույրով մը կնքված հաշտություններեն վերջը՝ պատանությունը եկավ անծանոթ վրդովումներով, չհասկցված տրտմություններով, ուրախություններով խառնված.