Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/277

Այս էջը սրբագրված է

և վերջեն, երիտասարդությունը՝ ճշտելով ու հաստատելով ընդնշմարված սրտի անքակտելի կապերը, ինչպես քիմիական բաղադրություն մը որ հստակորեն ի հայտ կը բերե լուսանկարի փոքրիկ տախտակին վրա դրոշմված աներևույթ պատկերը:

Այն ատեն իրենք ալ վախցան, աղջիկը մանավանդ սարսափեցավ, հոգեզավակ մը ինքը, ընկեցիկ աղջիկ մը որ տան տիրոջ զավկին վրա աչք նետած էր: Հետո քույր ու եղբայր կոչված էին միշտ. այս պայմանագրական ազգականությունն ալ իր սրբությունը ուներ։ Ի՞նչ պիտի ըսեին մանավանդ իրենց ծնողքը. իր տեսած խնամքներուն փոխարեն չէր կրնար վիշտ ու կսկիծ ցանել այս տանը մեջ, ուր սիրով հյուրընկալեր, խնամեր, մեծցուցեր էին զինքը։

Քսան տարու էր ու խորհրդածությունը կու գար, հատու դանակի մը պես, այդ անմեղուկ սերը սրտեն կտրել նետելու հարկը զգացնելով. պահ մը կը դիմագրեր, ինքզինքը կը պաշտպաներ անձնազոհության դեմ. հետո քիչ քիչ տեղի կուտար նորեն, վիրաբուժական գործողության մը ենթարկվելու պես. այո՛ի ո՛չի անընդհատ անցուդարձին առջև կը կենար ժամերով վարանած, իր իրավանց ու պարտուց զուգակշիռը ընելով, անդունդի մը խորը չափելու հիմար աշխատությանը մեջ համառելով շարունակ, ութ օր այսպես անցուց, սենյակը քաշված, առանձնացած էր հիմա սև ու մութ սենյակին անկյունը։

Ե.

Վերջապես որոշումը տվավ. իր միամիտ սրտին մեջ իր դատաստանը ըրավ ու անիրավ գտավ ինքզինքը. ո՜ւր էր թե այդ մարդասիրությունը տեսած չըլլար այս տանը մեջ ու երախտիքի մը պարտքին տակ չճնշվեր հիմա, փողոցի աղջիկ մը ըլլալ անոք ու անտեր, մազերը թափած ու ոտքը բոբիկ մուրացիկ մը, սիրելու ազատությունը պահելով։ Ու անմիջապես դադրեցուց իր մտերմությունները, մեկ հարվածով կծկեց այս փոքրիկ ամփոփուկ ծաղիկը որ իր հոգվույն