Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/278

Այս էջը սրբագրված է

մեջ դողալով կը փթթեր, մինչդեռ դեմը երիտասարդը հր զայրանար ու կը նախատեր զինքը: Անոր դեմ կեղծավոր անտարբերություն մը ձևացնել հարկ էր, էն դժնդակը իր պարտավորությանցը. ամեն նախատինքի հանդուրժեց ու ամեն աղաչանքի դեմ անդրդվելի մնաց, հառաչանք մը դուրս չթռավ իր խեղդուկ սրտեն, բայց որքա՜ն լացավ իր բարձին վրա։

Ամսվան մը մեջ երիտասարդին քով ոչինչ մնաց առջի սերեն մահացու ատելութենե մը զատ. հիմա ամեն առթիվ իր հայտնի թշնամին էր տանը մեջ, այնքան որ մայրը կը միջամտեր իր տղուն անիրավությանը համար, ու առանձին մնացած ատեն ձագուկը կը սփոփեր.

— Հոգդ մ՚ըներ, աղջիկս, էրիկ մարդիկ բարկացած ժամեր ունին։

Այդ միջոցին էր որ տղան հիվանդացավ, այն ատեն քրոջ մը անձնվիրությամբ խնամեց զինքը, օրերով անքուն հսկեց անկողնին քով, մորը հետ միասին փոխնիփոխ բաժնելով մեջերնին հոգնությունը ու կսկիծը. ու երբ հիվանդին վիճակը ծանրացավ ու տենդը ցնորանք բերավ, այն ատեն իր վարանումները վերստին սկսան. ի՞նչ շահած էր այս բոլոր մահացումներեն. և հիվանդին սնարին քով, կանթեղին արձակած առկայծ ու դողդոջուն լույսին պես, իր համոզումները ու տված որոշումները երերալ սկսան։

Այն ատեն փափագ մը ունեցավ հիշատակ մը գոնե պահելու իր ողորմելի սերեն, մկրատ մը գտավ փոքրիկ, որով հիվանդին երկարած մազերեն փունջ մը կտրեց առավ, գողի պես չորս դին նայելով։

Հիվանդը առողջացավ, բայց իր երեսը չնայեցավ. ոչ իսկ հիշեց զինքը. ծնողքը ամուսնացուցին զավակնին ու Թագուկ հարսնիքին զվարթ ու խնդումերես երևցավ։

Անկե ետքը, իր պարտքը կատարած մեկու մը խղճի հանդարտությունը ունեցավ, իր սերը կը պահեր սակայն սրտին մեջ, հանցանքի մը պես որ թողություն ստացած է, պարտքի մուրհակ զոր հատուցած էր իր բոլոր երջանկությունը տալով, և զոր իրավունք ուներ ա՛լ քովը պահելու։