Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/279

Այս էջը սրբագրված է

Այսպես պահեց ահա տարիներով փոքրիկ մազի փունջը ու ինքը չամուսնացավ։

Հիմա, երեսուն տարի ետքը, կյանքի հազար փոփոխումներե վերջ, հաշտված էր նախկին բարեկամին հետ. եղբայրության կապը վերստին կը միացներ զիրենք ահագին անջրպետի մը վրայեն։ Անիկա թոռան տեր ծերուկ մըն էր կորաքամակ, մազերը ճերմկած, մինչ իր քովինները ահա այդպես թարմ ու դեղին կը մնային, ու ատոնց պես իր սիրտն ալ երիտասարդ ու աշխույժ մնացած էր, իբրև թե հանկարծ դադրած ըլլար բաբախելե այն օրը՝ ուր իր սիրածեն բաժնվելու ցավը զգացեր էր. այդ օրեն ի վեր իր սիրտը ապրած չէր ու ծերացած ալ չէր, մինչդեռ մարմինը կիյնար, կը տկարանար հետզհետեt

Զ.

Եվ ձեոքե ձեռք կը պտտցնեինք այս մազերու փունջը, ջանալով գտնել անոր մեջ պատմված կսկիծներուն հետքը։ Այդ մազերը կը պահեին իրենց սևցած ոսկիի փայլը և երիտասարդի թարմությունը: Տարօրինա՞կ բան. իրենց գոյության մեջ մկրատին տված ընդհատումը փրկած էր զիրենք. չէին ծերացեր ա՛լ, իրենց տարեկից բոլոր ուրիշ մազերը ալևորած, թափած, չքացած էին, և իրենք միայն անխախտ ու անդղրդելի կը մնային քսան տարու՝ խոպոպիքի զվարթությանը մեջ ու պիտի մնային այսուհետև։ Մեկ ցավ մը ունեցեր էին, մկրատին հատու ցավը, բայց այդ ցավը որքա՜ն կսկիծ ներե, անկումներե փրկեր էր զիրենք, մշտնջենական երիտասարդությունը շնորհելով, այն՝ զոր Թագուկ տուտուի սրտին մեջ կը գտնեինք։

<1892>