Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/280

Այս էջը սրբագրված է

ԿԱՏԱԿ

Ա.

Արտորալով կ՚անցներ փողոցեն, տենդոտ ձեռքովը ուժգին սեղմելով կլորցած թուդթի պզտիկ գլաններ որոնք իր տալիք դաշնակի դասերուն տետրակներն էին։

Մտազբաղ, ակնարկը մոլորած, անհասկնալի եղանակներ մրմնջելով քիթին տակեն, կ՚անցներ զմայլած ու զվարթ դեմքով որ իր հոգեկան երանության ճշմարիտ ցոլացումն էր։

Մյուսյու Սեֆերյան այն իրապես երջանիկ մարդն էր զոր հոռետեսները կը փնտրեն ու չեն գտներ։ Երջանի՞կ. ինչո՞ւ չըլլար, աղքատ կոշկակարի զավակ, ինքնօգնությամբ, ձրի աշակերտներու վերապահված զրկումներով մեծցած, առաջ եկած տղա՝ որուն հոգիին անեղծանելի ու ազնվական մետաղը չէր ավրված ճղճիմ ու ողորմելի կյանքի տագնապներեն։

Իր աչքին... բայց իր աչքը դարձա՞ծ էր երբեք իրական կյանքի վրա, անջատվելով այն հորիզոններեն ուր սևեռած էր միշտ, իր գոյությունը մշտնջենական պատրանք մը եղած չէ՞ր. սիրո, անձնվիրության, առաքինության, ամեն կերպ ազնիվ զգացումներու գիրկընդխառնում մը չէ՞ր կյանքը, վսեմ նվագներու փռփուրի մը. գեթ այսպես ըմբռնած էր ինք կյանքը և չէր զղջացեր։