Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/281

Այս էջը սրբագրված է

Ո՞ւսկից ուր, ազգային վարժարաններու մեջ ստացած թերի ուսում են անցեր էր դաշնակի սեր տալու. ի՞նչ աներևույթ թելով իր անձուկ միտքը, իր անդորր հոգին երաժշտության անսահման ու վրդովյալ երազներուն կապված էր։

Բիրտ ու կոպիտ գիծերեն, որոնցմով իր մանկությունը, իր պատանությունը կը ձևանար, հիմակվան գեղարվեստի, բանաստեղծության շնորհալի շրջագիծը շինված էր որ իր հեզ ու համակերպիկ դեմքը կը պարուրեր. այն թուփի ու մացառի չորաբեկ ու վտիտ ճյուղերուն պես որոնցմով հորինված շրջանակ մը երփներանգ ծաղկեպսակե մը ավելի պճնագեղ կ՚ըլլա երբեմն։

Բ.

Երաժշտությունը զինքը գրավող առաջին հուրին եղավ, անկայուն ու հարափոփոխ դեմքով կին որ ուղված, ըղձացված պատկերը կը զգենու ամեն վայրկյան, տեսակ մը մանանա որ փափագված ամեն համր, ամեն հաճույքը կու տա։

Իր դյուրահավան սիրտը շուտ մը կը կապվեր այս երաժշտության նվագներուն մեջեն իր աչքին երևցող կիներուն, համոզումով ու նկեղծությամբ ինքնիրեն փեսա ըլլալով շարունակ, անուշ խոսքի մը կամ սիրուն ժպիտի մը տպավորությունը պահելով, սնուցանելով, մեծցնելով իր հեք սրտին մեջ, հնչուն ու կույս քարանձավի մը պես որուն մեջ ինկող հետին մրմունջը՝ հարուցած անհամեմատ արձագանքովը կ՚երկարաձգվի ու կը բազմապատկվի։

Գթացողներ ու ծիծաղողներ միայն կային իր շուրջը, ի՞նչ ծաղու նյութ քան այս տարօրինակ երջանիկը, հպարտ չքավոր մը չէ՞ր արդյոք որ իր ողորմելի վիճակը՝ հայտնի սնափառությամբ՝ քողարկել կ՚ուզե։

Ու դաշնակցություն մը կը սկսեր իր բոլորտիքը, կատակի, խաղի, ծաղրի դաշնակցությունը որ այս մարդուն միամիտ սիրահարի ձևերովը պիտի զբոսնուր։

Վախցվելու մեկը չէր որուն ներելի չէ խաղ ու կատակ ընել,