Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/282

Այս էջը սրբագրված է

Գ.

Ինքը՝ բնավ մտքեն չէր անցրներ որ կրնան ծաղրել զինքը ամենեն անակնկալ ու անհավատալի լուրն անգամ չէր կրնար, մերժվիլ իր պարզ ու դյուրախաբ սրտեն. այնպես որ, երբ օր մը, իր հարուստ աշակերտուհիներեն մեկը, Զարուհին, իր սրտին ազնվությունը գովեց, այս պարզ խոսքը սիրո հայտարարության մը պես հուզեց զինքը. այս աղջկան նայվածքը իր հոգվույն խորը կը թափանցեր հիմա և հրապուրիչ կնոջ խռովանքը կը ձգեր հոն։ Այդ օրը դաշնակի դասին մեջ շփոթեցավ. տիեզները ու պեմոլները ոստոստեցին ձայնագրության տետրակին վրա, ինչպես որ բոլոր տունը ու բոլոր աշխարհք ալ այս պահուս կը դառնար, հիմար երջանկության մը խոհոլովումովը միակ լուսավոր ու կայուն կեդրոնի մը շուրջը, այս աղջկան: Տանը մեջ՝ անոր վրդոված դեմքը տեսնելով զվարճացան, ինչպե՞ս ասանկ մեկ բառով սիրահար կը դառնար այս տղան։

Փերայեն, այդ տունեն, դարձավ խռոված մինչև իր սրտին խոր հատակը, բոլոր գիշերը չքնացավ, բանաստեղծ մըն էր այս տղան ու իր լքված ամուրիի սենյակին մեջ ոտանավոր գրելով անցուց գիշերը։

Այն ատեն խաղը բոլորովին զվարճալի հանգամանք մը առավ, ոտանավորը ձեռքե ձեռք պտտեցավ ու հավնվեցավ. այս փիանիսթը, իրավ որ չգտնված մարդ էր։ Լուրը տարածվեցավ տունե տուն, գեղե գեղ, և ամեն տեղ միևնույն խնդուքը պատճառեց:

Փիանիսթ Սեֆերյանը Զարուհիին սիրահարեր է։

Իրա՞վ, ամենքը այս հարցումը կ՚ընեին, չկրնալով իրենք քրքիջը զսպել. պակաս էր քիչ մը խեղճ տղան։

Անկե ետքը խաղը կատարյալ ընելու բաղձանքներ հայտնվեցան. ներկայացումը ամբողջ ըլլալու էր. ու Զարուհին