Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/283

Այս էջը սրբագրված է

եղբայրը գյուտ մը ըրավ. իր պաշտպանությանը տակ առավ երիտասարդ ուսուցչին սերը թղթակցությունը իր միջոցով պիտի ըլլար:

Այն ատեն նամակները սկսան, միևնույն հիմար սիրույն խոստովանությունը որ դրացիներու, բարեկամներու օրական զվարճալիքը կը հայթայթեր ու զվարթ ժամեր անցընել կուտար: Քանի մը մտերիմներ միջամտեցին այս անողորմ կատակին դեմ. զգուշացուցին ու արթնցնել ուզեցին զինքը։

— Մի՛ խաբվիր, Սեֆերյան:

Խաբվե՞ր. իր բարեկամներուն սիրտը հանդարտեցուց, Զարուհին կը սիրեր զինքը։ Իզուր խրատ ու խորհուրդ տվին իրեն, ասոնք ամենքը նախանձոտներ էին իր սիրույն, ո՞վ ըսավ որ հարուստի աղջիկ մը աղքատ մը սիրելու անկարող է. կ՚ուզեին որ Զարուհիեն ստացած նամակները կարդա՞ր մեկիկ մեկիկ. գի՞րը. եղբորն էր անշուշտ. Զարուհին չէր կրնար իր գրովը այդ նամակները հանձնել, բայց ան տուն տված էր անշուշտ եղբորը։ Դա՞րձյալ չէին հավտար. հո՛գը. ինք կը հավտար ու այս կը բավեր իրեն։

Եվ ճամփուն վրա անցնողները կանգ կ՚առնեին, դիտելու համար այս մտազբաղ մարդը որ իր աճապարող քալվածքով ու շուրջին անուշադիր ձևովը ստույգ երջանկության մը ետևեն վազողի մը կը նմաներ։

Դ.

Օր մըն ալ Զարուհիին եղբայրը ձանձրացավ, կատակը կ՚անհամնար. դասատուն Զարուհին ամուսնության ուզելու կ՚ելլեր, իր սիրույն, իր իրավունքներուն վրա խոսիլ կը սկսեր. ու բամբասող բերանները, որ անպակաս են, այս անիմաստ կատակը մատերնին կը սկսեին փաթթել: Այն ատեն կոշտ ու ստորին բառերով հասկցուցին իրեն որ այդպիսի աղջիկ մը չէր կրնար իրեն հետ ամուսնանալ, խելքը գլուխը կանչելու էր, ասանկ այլանդակ առաջարկություն մը ընելե առաջ:

17 Գրիգոր Զոհրապ