Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/284

Այս էջը սրբագրված է

Ու երբ համառեցավ, պինդ գլուխ մարդու ձևեր առավ, ճամփու դրին զինքը. ո՛չ, շատ աներես մեկն է եղեր այս տղան որ առջի դեմը ելլող աղջկան հետ կարգվելու կ՚ելլեր:

Անկե ետքը անոր երեսը չգացուցին իրեն. հերքումներ տեղացին դասատուին գլուխը, կատակ մը, կը հասկնա՞ր, պարզ կատակ մը ըրած էր աղջկան եղբայրը, խնդալու համար իր վրա. այդ նամակներուն գոյությունն իսկ չէր գիտեր Զարուհին:

Իր բարեկամները նորեն բոլորվեցան իր շուրջը, համոզելու համար զինքը ու բառնալու համար սրտեն այդ հիմար սերը որ անբուժելի ախտ մը ըլլալ ու զինքը հավիտյան դժբախտ ընել կը սպառնար: Չհաջողեցան. իր ուղիղ ու պարկեշտ սիրտը չընդունեց որ իրեն հայտնված սերը ծաղր ու կատակ մը եղած ըլլա միայն, այս էր որ այլանդակ, անհնար կը եղեռնական կը թվեր իր աչքին ու Զարուհիին բարի սրտին անհամաձայն:

Տարիներ անբան ու դիպվածով Զարուհին չամուսնացավ և ասիկա պետք եղածեն ավելի էր անեղծ ու անկորուստ պահելու սերը իր հեք ու ողորմելի սրտին մեջ։ Մարդիկ կը միաբանեին իր իրական դժբախտությունը զգացնելու իրեն ու չէին հաջողեր, իր պատրանքը այն մշուշե շենքերեն չէր որ արշալույսի առաջին նշույլին առջև ծվիկ ծվիկ կը բզկտին, կ՚անհետանան։

Իրեն հետ զբոսնելու համար, իր դյուրահավան սրտին խաղ խաղալու մտքով հորինված կատակը՝ հիմա մշտնջենական ու անվանելի ստվերի մը պես ամեն տեղ կը հալածեր զինքը:

Ե.

Գիշերը փողոցին մեջ կը սլքտկա, ջութակի մը աղեղին պես տրտնջող և անդուլ երթևեկ մը. երբեմն կանգ առնելով ունկնդրելով ապարանքի մը պատուհանին տակ որուն գոց վարագույրին ետին կանթեղի մը լույսը կ՚ընդնշմարվի, առկայծ