Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/285

Այս էջը սրբագրված է

ու պլպլացող լույս, մութի սահմանակից, որ հանցանք մը գործելե առաջ վարանոդ խղճմտանքի մը կը նմանի։

Այս սենյակին մեջ է հիվանդը, Զարուհին, հյուծված ու մաշած, պահելով դեռ գեղեցիկ աղջկան ախտաբույր վայելչությունը:

Զինքը սպառող հիվանդությունը անուն չունի, բարոյական երկարատև տառապանք մըն է ավելի քան թե մարմնական ցավ մը, տառապանք՝ որ ամենեն սաստիկ խոնջենքեն շուտ քանդած է իր առողջությունը: Իր երբեմնի դասատուին անընդհատ հալածանքն է որ կը սպաննե զինքը, հո՛դ, այդ անկողնին մեջ. այդ ծաղրելի սերն է որուն ենթակա եղած է այսքան տարիե ի վեր՝ առանց փրկություն մը գտնելու: Այդ մարդը հետապնդած է իրեն շարունակ՝ հավատարիմ ուղտին պես, որ իր անշահասեր ու ծաղրելի անձնվիրությամբը Թարթարենին ետևեն կ՚երթար Ափրիկեեն մինչև Թարասքոն:

Ամեն միջոց ի դերև ելած է համոզելու համար այդ մարդը թե չսիրեր և երբեք չէ սիրած զինքը. ու ամոթահար այդ ապուշի սերեն, ջղային անհանգստություն մը ունեցած է որ, քիչ քիչ տարիներու շրջանին մեջ, ջուրին թուլիկ այլ համառ գործունեությանը պես քայքայած է իր առողջությունը: Այս սրտի ախոնդանքեն՝ կյանքը արդեն զզվելի թվելու մոտ է իր աչքին. մինչդեռ վարը, փողոցին մեջ, անգիտակից մարդասպանը կը թափառի դեռ իր սիրո անուրջներուն մեջ մոլորած, ուրախ ու երջանիկ է ան, այս կանխահաս մահվան մեջ նոր ու գերագույն ապացույց մը գտնելուն համար, իր սիրված ըլլալուն ապացույցը այս աղջիկեն, երբ աշխարհ խոսք մեկ ըրեր էր կարծես Զարուհին իբրև խաբեբա և անսիրտ էակ մը ցույց տալու իր աչքին։

Այս մխիթարությունը կը ցոլա հիմա իր ավերյալ դեմքին վրա. այս հավաստիքով՝ իր կսկիծը երջանկության կը փոխվի նորեն, ու չկրնալով դուռնեն ներս մտնել, հոդ կենալու դատապարտված, փողոցին մեջ կը շարունակե երթևեկել, իբրև թե մտադրած տեղ մը ունենար, անուրջի մեջ քալող մարդու մը պես: