Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/286

Այս էջը սրբագրված է

Զ.

.

Զարուհիին մեռնելեն ետքը ամենքը բոլորովին հուսահատ ու դժբախտ կարծեցին զինքը։ Իրոք, առջի երջանիկ ու երանյալ մարդն էր։ Հիմա ոչ դաս, ոչ դրամ և ոչ հարգ ուներ ալ. մտերիմները այս սևեռյալ մտածումի, այս զակատյալ մարդեն կը հեռանային քիչ քիչ։

Հագուստները կը հիննային ու չէր կրնար նորեր գնել տեղը. բնակած փոքրիկ սենյակին վարձքը կը դիզվեր ու տանուտերը կը սպառնար. դուրս նետել զինքը ու դաշնակը գրավել. դաշնա՞կը. երբեք չհավատար որ այդ բանը կարելի է, ու վայրկյան մը մտահոգ չեղավ:

Ու կը շարունակեր փողոցները թափառի աննպատակ, պահելով իր առջի երանյալ մարդու դեմքը զմայլած պատկերի մը առջև, որ ամենուն աներևույթ՝ իր աչքին դեմն էր սակայն: Իր սիրելիին մահը, սրտմաշուք ցավե մը առաջ եկած, հատնումը ու սպառումը այս քաջառողջ աղջկան՝ իրմե զատվելեն ետքը, իր սերը ու հավատքը նվիրագործեր, ու իրեն խաղ մը խաղցուցած ըլլալու կարելիությունը հերքեր էր։ Ապաքեն երբեք չէր տարակուսած անոր սիրույն վրա։ Այսպես հեռվեն, լռիկ մնջիկ, տարիներով սպասեր էր առանց անձկության, և առանց կասկածի թունավորումը զգալու իր մաքուր սրտին մեջ, ու ծերացեր էր գրեթե։

Հիմա ալ, մահը կու գար իր ձեռքեն հափշտակելու համար զայն, ու ան ալ չէր հաջողեր, սիրելին հոն է միշտ, իր դեմը, իր աչքին առջևը, այն առջի օրվան անուշ ու տրտում նայվածքովը որ լի գրվիր, չի զուրցվիր ու չի մոռցվիր։

<1892>