Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/287

Այս էջը հաստատված է
ՖՈՒՐԹՈՒՆԱ

Ա.

Ֆուրթունան իմ դրացիս էր Քանտիլլի բնակած տարիս, հին ու փտած մակույկը որուն մեջ կը թիավարեր օրն ի բուն, գիշերները մեր քովի ծովեզերքը կը պահեր։

Մարդ ու մարդասանք չուներ. ընկեցիկ մեկն էր գեղին մեջ, ամառը բաց օդին ու ձմեռը՝ հաստ պատի մը կողին մեջ բացված պատուհանաձև խորշը կը քնանար ամեն իրիկուն, երբ գինետունեն, օրվան վաստակը վճարելե ետքը, դուրս ընեին զինքը. առանց տրտնջալու, խանութպանին անվիճելի իրավունքը ճանչցողի մը պես կը հնազանդեր, դիմացինը ամչցնելով գրեթե իրեն դեմ ցույց տրված խստությանը համար, ու պատե պատ, քարե քար զարնվելով, իր տեղը, իր ողորմելի խշտյակը կը գտներ միշտ։

Օղին իր միակ մոլությունն էր, իր միակ ըմբռնումը կյանքի, իր միակ իմաստասիրությունը, որքա՞ն ատենե ի վեր կը խմեր այս մարդը, ոչ ոք պիտի կրնար ճշտիվ զուրցել, բայց իր կարմրած ու թմթրկած այտերեն, իր միշտ կիսափակ ու նվաղած աչքերեն, իր երերուն ու օրորվող քալվածքեն դատելով, որուն մեջ հավիտենական գինովը ու ծովի վրա մեծցող նավաստին իրար կ՚ամբողջացնեին, նոր բան մը ըլլալու չէր: Հագուստ