Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/288

Այս էջը սրբագրված է

չուներ, իր գրգլյակը մարած, նվաղած, մեռած երանգներու խառնուրդ մըն էր, աղքատության ծիրանի գոտին, զոր Նևտոն չէր գտած դեռ: Անհամար կարկտաններու հակառակ՝ արմուկները դուրսն էին միշտ, և չգոցվող կուրծքեն, լանջը՝ ուռած, կախված գորշ մսակույտ մը՝ աչքի կը զարներ, արգահատանք կը հրավիրեր այս մարդուն վրա։

Բ.

Ատենով էն վայեյչասեր Նավավարն էր, մեկը անոնցմե որոնք անգիտակից արվեստագետի մը ճաշակը ցույց կուտան իրենց ռամիկ գործին մեջն ալ. անարատ պյուրինհիկ շապիկով. կապույտ թավիշե պզտիկ բաճկոնակով, ձյունսպիտակ մաքուր շալվարով կը պտտեր միշտ, իր նավակը, նուրբ, հյուծախտավոր տոհմիկ աղջկան մը նրբությամբ, սրընթաց նետի մը աշխույժը ուներ, կը դողար, կը գուրգուրար այս նավակին վրա, կը շոյեր, կը սիրեր զայն զավկի մը պես. հաճախորդները կը գանգատեին այն չափազանց զգուշութենեն, զոր իրենցմե նավավարը կը պահանջեր, կոխած կամ նստած ատեննին. ինքզինքը կ՚արդարացներ. գիտեր որ մեյ մըն ալ ասանկ ձևավոր նավակ մը չպիտի կրնար շինել տալ։ Ո՛չ. ասիկա մասնավոր շնորհք մը ուներ, անբացատրելի բան մը. իր տեսակին կատարելությունն էր. օր չէր ըլլար որ տախտակները չսրբեր, արույրե կազմածքը չմաքրեր, չփայլեցներ ոսկիի պես:

Գեշ օդերուն, անձրևին, ծովը չէր իջեցներ, ագահի մը՝ հարստության համար ունեցած սերը ու տառապանքը ուներ ինքն ալ:

Այն ատեն երիտասարդ մըն էր. նշանված էր ու պիտի ամուսնանար, երևակայեցեք նավավար էտմոն Տանթես մը:

Գ.

Ամառ օր մը, Պեշիկթաշի առջև փոթորիկի բռնվեցավ. հանկարծուստ պայթող մրրիկ մըն էր, սև թաթառի մը պես խոյանալով իր վրա: Միս մինակ էր ծովուն բացը. իր անձին չմտածեց