Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/289

Այս էջը սրբագրված է

այնքան որքան իր խեղճ նավակին, շփոթեցավ, կորսվեցավ. ու երբ ողողող աղի ջուրերեն դարս հանեցին զինքը, իր պրկված ձեռքին մեջ թի մը կար, վերքին բեկորը իր ընկղմած նավակին: Երբոր խելքը գլուխը եկավ, չհավտաց, փնտրելու ելավ, անկարելի էր որ անհետ կորած ըլլար իր նավակը. տեղ մըն էր պահված ուր պիտի երթար գտներ զայն, մաքուր, փայլուն կազմածքովը, ժպտուն հարսի մը պես:

Հետո հարկ եղավ համոզվիր բայց անկե վերքը երեսը չխնդաց, իր կսկիծը ճշմարիտ սուգի մը համեմատությունները առավ, ետ ձգեց հարսնիքը, ու ատեն մը չաշխատեցավ:

Հաջորդ ամառ նոր մը շինել տալեւ ձեռնարկեց ու շինվածին չհավեցավ. ետ ձգեց՝ ուրիշ մը ապսպրելու համար ու անկե ալ գոհ չեղավ, իր նավակին ճիշտ նմանը կը պահանջեր, չափը կուտար, ձևը կը բացատրեր. բայց ո՛չ. էն վարպետները այդ անանուն փափկությունը անգամ մըն ալ չհաջողեցան տալ: Ու իր հավաքած դրամները այսպեսով վատնեց. քիչ մըն ալ գինետունները սկսավ երթար օղիին, այս լուռ խոսակցին, իր ուզածը, իր բացատրել չկրցած խնդիրքը հասկցնելու:

Դ.

Անկե վերջը անկումը եկավ, մեղմ, թույլ, աննշմարելի բայց ստույգ փճացումը։ Նշանածը, սպասելն ձանձրացած, ուրիշի մը հետ ամուսնացավ, և ինքը շարունակեց նավակ փոխել անտեսանելի տիպարի մը համառությամբ դեռ հետամտելով. իր նավակը, իր ամուսնությունը, իր վիճակը հարցնողներուն մեկ բառով մը կը պատասխաներ, որ իր ամբողջ պատմությունը կը պարունակեր.

— Ֆուրթունա։

Թախծալից ու տրտում ձայնով մը կուտար պատասխանը, միշտ միևնույնը, բառ մը միայն կտրուկ.

— Ֆուրթունա:

Ըսին որ խենթեցավ. գինովությունը ապուշի ձև մը տվավ իրեն. սկսան վրան ծիծաղիլ: