Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/29

Այս էջը հաստատված է

ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ



ՓՈՍՏԱԼ


Ա.

Հաճի Տյուրիկը, սպասուհիներու միջնորդը, տասնըհինգ օր աշխատելեն վերջ միայն հաջողեցավ ձեռք ձգել կեսարացի Ղազար էֆենտիի կնոջ, Սուրբիկ հանըմին, Քատըգյուղի ամենեն հարուստ տիկիններեն մեկուն. ուզած սպասուհին:

Հաճին, պարտիզակցի մը, ինքն ալ սպասուհի, ստնտու, լվացարար, խոհարար կին եղած էր ատենով, պարագային համեմատ: Ծառայության ամեն աստիճաններեն անցեր էր մեկիկ մեկիկ, Պոլսո հայ տուներուն, անոնց կարծեցյալ պարկեշտություններուն մեջեն հանելով իր հիմակվան անկախ դիրքը:

Այդ տուներուն բոլորին մեջ, Հաճի Տյուրիկ, որ ան ատեն դեռ Երուսաղեմ գացած չըլլալուն համար՝ հաճի չէր, իբրև ճշմարիտ ու կատարյալ աղախին, աղաներեն մինչև սպասավորները ճանչցեր էր մոտեն, երբոր մեծ ու պզտիկ, գրեթե առանց բացառության, քիչ շատ զինքը սղմեր սղմըտկեր էին, հոս հոն, սենյակներուն մեջ, հանըմներ տունը չեղած միջոցին, սանդուխին գլուխը, դուռներուն ետին, երբեմն խոհանոցներուն անկյունները: Շատ մը տուներու մեջ իր տիրուհիներուն նախանձը շարժելու չափ ընդունելություն գտած էր առանց գանգատելու: