Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/292

Այս էջը սրբագրված է

ՄԵՂԱ՛ ՏԵՐ

Ա.

Առտվան ժամերգությունը նոր կը սկսեր, մթության մեջ կորսված դեկտեմբերի առտու մը, ցուրտ ու խոնավ, կոչնակը օդին ու բուքին մեջ կ՚արձակեր իր ընդհատվող վայունը, մինչդեռ թափուր եկեղեցին պանդուխտ քահանային ձայնովը կ՚արթննար, կը սարսռար իր քարակոփ պատերուն ու կամարներուն մեջ։

Տերտերը կ՚երկնցներ իր աղոթքը, սպասելով բարեպաշտներուն որոնք չէին գար. վասն զի ով կու գար եկեղեցի, ձմեռ ու լուր օր մը, այս չլուսցող առտվանցով։

Քահանան շուրջառը ուսին իր ժամերգությունը կը շարունակեր։

— Տեր զի բազում եղեն մեղք իմ և բազում անօրենությունը իմ:

Խուլ ու տարտամ ձայնով մը որ տիրող կես մթության կը հարմարեր, անտարբեր իր շուրջի միայնության, և անզգա ձայնագրի մը պես արտասանելով աղոթքին տուները, իրեն համար քսան տարվան սովորություն մը։

Հետո երկրորդ ստվեր մը տեսնվեցավ իր քովը, լուսարարն էր, այս որմերուն պահապանը, անոնց պես ամուր իր անտանելի