Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/294

Այս էջը սրբագրված է

ձայնին միացավ, ու լուռ եկեղեցին կ՚ապշեր, կը խռովեր՝ ունկնդրելով այս մարդուն։

Ինքը՝ իր տանը մեջ ըլլալ կը թվեր. դասը, գավիթը, խորանը բոլորովին իրն էին անշուշտ, ինք կ՚ըսեր աղոթքը միայնակ, քահանայեն առաջ, բառերը հատիկ հատիկ, ամեն պարբերության նշանակությունն ու սրբությունը շեշտելով. պահ մը կը հոգներ, շունչ առնելու կը ստիպվեր, ու վայրկյան մը վերջը նորեն կը սկսեր, ընդմիջելով քահանային անորոշ մրմունջը և ծուռ ծուռ նայելով անոր երեսը, երբ սխալ մը սպրդեր կամ վարանում մը տեսներ նոր տուն մը սկսելու ատեն,

Վայրկյան մը նորեն կը մասնավորվեր իր աղոթքը, անհամար ծնրադրություններու խառնված, համբուրելով գետնի աղտն ու փոշին, ու լալագին և սրտաշարժ ձայնով մը վերադառնալով իր անձին.

— Մեղա՜ տեր։

Գ.

Մարտիրոս աղան այսպես էր ամեն առտու, անպակաս եկեղեցիեն, իր ներկայությամբը ապահովելով եկեղեցիին բոլոր ծեսն ու արարողությանը կանոնավորությունը, և ոչ մեկուն փախուստի ճամփա չձգելով շարականներեն բառ մը պակաս կարդալու համար։

Քահանան այս աշխարհականին բարեպաշտութենեն կը ղողար. քարոզիչն ու թաղական խորհուրդը կ՚ակնածեին իրմե և գյուղացին կը մեծարեր այս հավատացյալ աղան որ իր բոլոր հարստության հակառակ աղքատի մը պես խոնարհ ու աստվածավախ կը թվեր։

Պոլիս, իր խանութին մեջ, Մարտիրոս աղա մեծազոր մարդ մըն էր: Հայր մայր չուներ, այլ հորեղբայրներու ու հորեղբոր որդիներու անհատնում շարք մը որոնք փոխն ի փոխ կու գային իր քով, սորվելու դրամ շահելու արհեստը, հաճախորդներու հետ վարվելու կերպերը, բայց գիշերները տունը սարաֆին հետ Եկեսցեի կենալը աչք առնելով: Այսպես անոր մեյ մեկ