Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/295

Այս էջը սրբագրված է

մանրանկարները կը դառնային, Աստվածասիրությունը Դրամասիրության հետ հաշտեցնելու գաղտնիքը գտնելով:

Բայց անոնցմե ոչ մեկը աղային չափ հարստանալու հնարը կը տեսներ:

Իրենց ժառանգական վաշխառուի բոլոր ճարտարությամբը, ստակ փոխ տալու ձևով աշխարհ կողոպտելու բոլոր խորամանկությամբը, ոչ, այդ հարստության չէին կրցած տիրանալ, և ինքնիրեննին, երբ իրենց մեծավորին քով կեղծավորություն ընելե ու սպասավորի դիրք մը ունենալե տաղտկացած բերաննին բանային, կը հասկցվեր որ իրենց խելացի ազգականը ի՞նչպիսի դեպքերե կրցած էր օգուտ քաղել:

Դ.

Հայրենիքեն գրեթե բոբիկ եկավ Պոլիս, նիհար ու վատույժ պատանի որ խաներու, քարուկիր սենյակներու խոնավության մեջ ծառայությամբ հավաքած հինգ հարյուր ղրուշով բացավ իր սարաֆի տոլապը, ճշմարիտ «տոլապ» մը զոր մինչև այն օրը ոչ ոք իրեն չափ վարպետությամբ դարձուցած էր: Իր հայրենի քաղքին մեջ զոր Մարտիրոս մեր երկիրը կը կոչեր, տիրացություն բրած ու ժամասիրություն ժառանգած էր ադկե։

Իր աղքատության, որբության բոլոր թշվառությունները տիրացուի զգեստը հագնելով կը մոռնար, և աստուծո առջև, աստուծո տան մեջ, իր անկյալ դիրքեն կը բարձրանար հանկարծ ուրիշներու հավասար ըլլալու և իր ջերմեռանդությամբը զանոնք գերազանցելու չափ։ — Եվ ի՞նչպես չսիրեր եկեղեցին ուր ո՛չ հարուստ ըլլալու, ո՛չ բախտավոր ըլլալու պետք կար աստուծո աչքին։ Այսպես երջանիկ ապրեցավ քանի մը տարի. մտածեց որ երկինքին թագավորությունը տնանկներու հատկացված է ու մխիթարվեցավ իր ներկա չքավորութենեն։ — Բայց երբ տասնըութը տարին թևակոխեց, բռնի Պոլիս ղրկեցին զինքը մարդ ըլլալու համար, իբրև թե աղքատ ըլլալուն համար մարդ եղած չըլլար մինչև այդ ժամուն։

Իր տաժանելի ուղևորության միջոցին, հետո շոգենավին